Պատգամավորները չեն մեկնաբանում նոյեմբերի 5-ի դեպքերը
Ի՞նչ է տեղի ունեցել երեկ Մաշտոցի պողոտայում, արդյոք իսկապես հեղափոխության փո՞րձ է արվել, թե՞ այլ պատճառներ կան: Այս հարցերին այսօր ԱԺ պատգամավորները հիմնականում խուսափում էին պատասխանել:
ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին նա զերծ կմնա մեկնաբանություններից. «Շատ պարզ պատճառով՝ տեղի ունեցածը վերլուծելու անհրաժեշտություն կա, ինչպես նաեւ՝ ինֆորմացիա հավաքելու, ճշտելու կարիք կա»:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եւս նշեց, որ չի կարող իրադարձություններին գնահատական տալ, քանի որ մանրամասներին դեռ տեղյակ չէ, սակայն նշեց. «Սկզբունքային մեկ մոտեցում կա՝ որեւէ քաղաքական, քաղաքացիական եւ այլ շարժում պետք է զարգանա օրենքներին ու Սահմանադրությանը համապատասխան: Որեւէ շեղում այս առումով անթույլատրելի է՝ ով ուզում է նախաձեռնողն ու կատարողը լինի: Որեւէ երեւույթ, որն ուղեկցվելու է բռնության կոչերով, ապօրինի գործողություններով, նույնպես կարծում եմ, որ ընդունելի չէ եւ դատապարտելի է»: