Youtube-ի տեսահոլովակի հետքերով
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ համացանցում տարածված «Հարվածում են ուղևորին, երբ վերջինս պահանջում է վարորդից չծխել երթուղայինում» վերտառությամբ տեսանյութի հետ կապված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ձեռնարկված
համապատասխան քայլերի շրջանակում «Երևանտրանս» ՓԲԸ-ն թիվ 37 երթուղին սպասարկող «Ժակ-Ժան» ՍՊԸ-ին՝ սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագրի 2.1.8 ենթակետով սահմանված (ուղևորասրահում վարորդի ծխելու արգելումը) պարտավորությունը խախտելու համար, պայմանագրի 5.3 կետի ա) ենթակետի համաձայն տուգանել է 5000 ՀՀ դրամի չափով: Միաժամանակ երթուղին սպասարկող ընկերության տնօրինության հետ քննարկվել է վարորդի դրսևորած անվայել պահվածքը, ինչի արդյունքում «Ժակ-Ժան» ՍՊԸ-ի տնօրինության կողմից ընկերության աշխատակից Գարիկ Գևորգի Մուրադյանին հայտարարվել է գրավոր խիստ նկատողություն:
Հիշեցնենք, Youtube-ում այսօր տեղադրվել էր մի տեսանյութ, որտեղ ուղեւորը պահանջում էր երթուղայինի վարորդից՝ չծխել, ինչին հետեւում է քաշքշուկ։