Առողջապահության նախարարությունը պատասխանել է ԲՀԿ-ականին
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը, անդրադառնալով 2014 թվականի պետբյուջեի նախագծին, ֆեյսբուքի իր էջում գրել էր. «2014թ. ՀՀ պետական բյուջեն ուսումնասիրելիս հանդիպեցի ևս մի հետաքրքրական հատկացման:
Մեջբերում եմ ՀՀ առողջապահության նախարարության հատկացումներից. Կետ 25. Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային բժշկական օգնություն և փորձաքննություն՝ 1.245.518.300 ՀՀ դրամ։ Կետ 43. Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բժշկական օգնության ծառայություններ՝ 412.575.300 ՀՀ դրամ։
Նշեմ նաև, որ ՀՀ Պաշտպանության նախարարության հատկացումների բաժնում արդեն իսկ կար նման հատկացում. Կետ 09. Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բժշկական օգնության ծառայություններ՝ 2.350.000.000 ՀՀ դրամ։ Իսկ թե որն է վերոնշյալ կետերի տարբերությունը, ինչու առանձին կետերով և ինչու տարբեր չափերի գումարներ նույնաբովանդակ խնդրի համար, մնում է միայն ենթադրել»։
Առողջապահության նախարարությունն այս առիթով պարզաբանում է ներկայացրել.
Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց բուժօգնության համար 2014 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված գումարները տարբեր տողերում արտացոլված լինելու վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բաբայանի կողմից համացանցում տեղադրված հարցադրման կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Պետական առողջապահական գործակալությունը պարզաբանում է, որ ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծով «Առողջապահություն» բաժնում նախատեսված է.
1.«Հիվանդանոցային ծառայություններ» բաժնում «Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային բժշկական օգնություն և փորձաքննություն» ծրագիր` ընդհանուր 1.245.518,3 հազար դրամ գումարով։ Ծրագրի շրջանակներում իրականացվում է զինկոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովների կողմից հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններ ուղեգրված զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց բժշկական փորձաքննությունները, ինչպես նաև զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը:
2.«Արտահիվանդանոցային ծառայություններ» բաժնում «Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց բժշկական օգնություն և փորձաքննություն» ծրագիր` ընդհանուր 2.762.575,3 հազար դրամ գումարով, որից ՀՀ առողջապահության նախարարության մասով` 412.575,3 հազար դրամ, իսկ ՀՀ պաշտպանության նախարարության մասով` 2.350.000,0 հազար դրամ:
ՀՀ առողջապահության մասով 412.575,3 հազար դրամի շրջանակներում փոխհատուցվում է զինկոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում ընդգրկված բժիշկ-փորձագետների և բուժքույրերի աշխատավարձը, զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային փորձաքննության ուղեգրման ճանապարհածախսը և զորակոչային ու նախազորակոչային տարիքի անձանց ամբուլատոր պայմաններում բուժման ծախսերը:
Նախարարությունը նաեւ նշում է. «Միաժամանակ ավելորդ չենք համարում նշել, որ նմանօրինակ հարցերի վերաբերյալ բազմանշանակ «ենթադրություններ» անելուց առաջ չէր խանգարի պարզապես դիմել տեղեկատվությանը տիրապետող իրավասու մարմին և ստանալ սպառիչ պատասխան»: