Գ. Ալթունյանի ասածները Հայաստանի խո՞սքն է (տեսանյութ)
Սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությամբ պարզապես խափանեց Վիլնյուսում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը. կարծում է Երեւան մամուլի ակումբի տնօրեն Բորիս Նավասարդյանը. «Այն ամենն, ինչ կատարվում է Հայաստանի Մաքսային միությանը միանալու խոսակցությունների շուրջ, լուրջ չի»։
Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը երկար է ու բարդ՝ վստահեցնում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, որից Հայաստանը դեռ շատ հեռու է.
«Մաքսային միության մեջ էլ կան բազմաթիվ հակասություններ, ու եթե անգամ Հայաստանը ֆորմալ առումով մտնի այնտեղ, այդ հակասությունները կարող են Մաքսային միությունը դարձնել ԱՊՀ-ի նման մի բան»։
Հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի առաջին ալիքի պատրաստած ռեպորտաժին, որտեղ որպես Մաքսային միությանը միանալու պայման նախանշվում է Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը, Ալեքսանդր Իսկանդարյանը լուրջ չի վերաբերվում։ Ասում է՝ ցանկացած լրագրող էլ կարող է վրիպակներ ունենալ։ «Դե, իհարկե, եթե պատկերացնենք, որ ամեն մի խոսք, որ ասում է Օրինակ Գեւորգ Ալթունյանը, դա Հայաստանի խոսքն է, կամ այն, ինչ ասում է Զեյնալովան, գրել է Պուտինը, դա իրականություն չէ։ Այդ նույն ռեպորտաժում նա ասաց նաեւ, որ Մաքսային միություն կարող են մտնել Հնդկաստանը, Սիրիան, Իսրայելը ու միառժամանակ, դա լուրջ չէ»։
Քաղաքագետի հետ համակարծիք չէ Բորիս նավասարդյանը։ Ըստ նրա՝ Ռուսաստանի առաջին ալիքի ռեպորտաժը բացեց բոլոր խաղաթղթերը։ «Այդպիսի ռեպորտաժներ չեն լինում, որ Ռուսաստանի իշխանությունը չիմանա, երեւի իրենք էլ գտան, որ ժամանակն է ասել՝ ինչ կա։ Եվ մաքսային միության անդամները չեն ուզում ընդլայնել այդ միությունը»։
Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո Հայաստանը ունի՞ հնարավորություն նախաստորագրելու Ասոցացման համաձայնագիրը։
Իսկանդարյանը կարծում է, որ եթե ինչ-որ բան ստորագրեն էլ Վիլնյուսում, ապա դա կլինի ինչ-որ մի հայտարարություն»։
Ըստ Նավասարդյանի՝ «Չի լինելու ասոցացման համաձայնագրի նախաստորագրում որեւէ տեսքով, այսինքն՝ ինչ փաստաթուղթ այնտեղ լինի, ստորագրվի, դա ասոցացման համաձայնագիր չի կոչվելու եւ չի ունենալու այն կարգավիճակը, որ ունի ասոցացման համաձայնագիրը»։
Բորիս Նավասարդյանը կարծում է, որ երկար ժամանակ կպահանջվի մեր երկրից՝ վերականգնելու Եվրամիությունում այն վստահությունը, որ կորցել ենք սեպտեմբերի 3-ից հետո։