«Նոր ՀԴՄ-ներ՝ ժողովրդի արյան հաշվին»
Գրախանութներն ու հրատարակիչները սարսափած են կառավարության հազար դոլարանոց նոր ՀԴՄ-ներ տեղադրելու մասին որոշումից։
«Հայ գիրք» գրատան տնօրեն Աշոտ Գաբրիելյանի կարծիքով՝ սա ինչ-որ մեկի բիզնեսն է, «որ այդ սարքերը ներկրելով կարողանան գերշահույթ ստանալ»։
Աշոտ Գաբրիելյանը համոզված է, որ մեկ ՀԴՄ ձեռք բերելը բավական է, որ իր ղեկավարած «Հայ Գիրքը» փակվի։ Առանց այն էլ ընթերցողները շատ չեն։ Մինչեւ փակվելն ստիպված կլինեն գրքերը թանկացնել մոտ հազար դրամով։ Աշոտ Գաբրիելյանն ու «Անտարես» հրատարակչության տնօրենը զարմացած են՝ ինչու՞ իրենք պետք է առանց այլընտրանքի գնեն կոնկրետ մեկ ընկերության ներկրած ՀԴՄ-ները։
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ասում է. «Մի սարք, որը ես Չինաստանից կարող եմ գնել 30 դոլարով, սարք, որը որ Հայաստանում վաճառում են 70 դոլարով, ես որպես ՀՀ տնտեսվարող սուբյեկտ, պարտավոր եմ գնել հազար դոլարով»։
Փաստը Արմեն Մարտիրոսյանը համարում է փոքր եւ միջին բիզնեսի պետական մակարդակով կեղեքում։ Ըստ հրատարակչի, անցյալ տարի մի քանի փոքրիկ գրախանութ է բացվել, որոնց տարեկան շահույթը հենց այդ մեկ ՀԴՄ-ի գնին է. «Եվ հիմա այդ տնտեսվարողներն իրենց տարեկան շահույթը վճարեն, որպեսզի գնեն այս հսկիչ դրամարկղային սարքը»։
Կառավարությունը կարող է ասել, որ ինքը նորարարություն է անում, որ այդ սարքերը Վայ-Ֆայ են ունենալու. «Ցանկացած նորարարություն, որ պետք է արվի ժողովրդի արյան հաշվին, հարամ լինի իրա նորարարությունը»։
Հրատարակիչն անցյալ տարի իր ընկերության համար կառավարության պարտադրած 4 ՀԴՄ է ձեռք բերել եւ հիմա չգիտի, թե ինչ անի դրանց հետ. «Կառավարություն, ի՞նչ եմ անելու էդ 4 ՀԴՄ-ն, հետ գնիր, ինչի՞ ես ինձ ժամանակին ստիպել, որ դրանք գնեմ, որ հիմա 4 հազար դոլարի ներդրում անեմ»։
Պարոն Մարտիրոսյանը ոչ մի երաշխիք չունի, որ հաջորդ տարի կառավարությունը նոր ՀԴՄ-ներ չի բերելու եւ պարտադրելու, որ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները գնեն հերթական նորարարությունը։
Կառավարությունն արդեն պատասխանել է` նոր սերնդի ՀԴՄ-ները կկիրառվեն, բայց 500 միլիոն դրամից ցածր հասույթ ունեցողների համար առավել ցածր գներով եւ մեկ ամիս ուշացումով։ Բայց սա դեռ պետք է հաստատվի կառավարության նիստով։