Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փորձաքննության է ենթարկվել Թեղուտի գյուղմթերքը

Հասարակություն
3f33b2b7ffa8670f6085fbf5baf5dd0e

Թեղուտի հանքի շահագործումից առաջ Թեղուտ և Շնող գյուղերից օրերս Երեւան լաբորատոր փորձաքննության են բերվել գյուղմթերքի որոշ տեսակներ։ Այսօր այս մասին «Ա1+»-ին հայտնեց ՀՀ ԳՆ «Անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայության կենտրոն» ՊՈԱԿ-ի Նմուշառման և զննման բաժնի պետ Գեորգի Ավետիսյանը։

«Թեղուտից, Շնողից և հարակից անտառներից մենք լաբորատոր փորձաքննության ենք բերել կաթ, մեղր, տանձ, թուզ, ճակնդեղ, արքայանարինջ, անտառային հատապտուղներ՝ զկեռ, մասուր, հոն, որպեսզի պարզենք, թե մթերքում որքան տոկոս են կազմում ծանր մետաղները, թունավոր նյութերը։ Լաբորատոր փորձաքննության պատվիրատուն «Թեղուտ» ՓԲԸ-ն է։ Չգիտեմ, թե ինչու են իրենք որոշել նման բան անել, բայց ընկերությունը փորձաքննության արդյունքներն իր համար ելակետային թիվ կսարքի և կսկսի ամեն տարի հետազոտություն անել և համեմատել այս տարվա արդյունքների հետ»,-ասաց Գեորգի Ավետիսյանը՝ հավելելով, որ փորձաքննության արդյունքները պատրաստ կլինեն մեկ շաբաթից։

Գեորգի Ավետիսյանի խոսքերով, գյուղացիները մեծ հաճույքով էին տրամադրում իրենց մթերքները.«Գյուղացիները չեն ընդունում ծանր մետաղ հասկացությունը, անգամ գյուղացիներից մեկն ասել է, որ մեկ անգամ են մետաղի հետ առնչվել, երբ կովը երկաթ է կուլ տվել»,-նշեց պարոն Ավետիսյանը։

Հիշեցնենք,որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքը լիարժեքորեն կշահագործվի արդեն 2013 թվականի երկրորդ կեսին՝ «Թեղուտ» ՓԲԸ կողմից։

«Էկոլուր» ՀԿ նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանը «Ա1+»-ին հայտնեց, որ լաբորատոր փորձաքննության արդյունքները միգուցե դրական լինեն. «Թեղուտ և Շնող գյուղերում աղտոտվածություն դեռ չկա, որ մթերքի մեջ ծանր մետաղներ հայտնաբերեն։ Հանքը դեռ չի շահագործվում, պոչամբարը դեռ չի լցվել։ Այ մի քանի տարի անց, գյուղացիները կարող են վստահ լինել, որ իրենց ապրանքը փորձաքննության ենթարկվելուց հետո օգտագործել չի լինի, քանի որ առկա կլինեն ծանր մետաղներ»,- նշեց Ինգա Զարաֆյանը։