Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտյալին վիրահատել են
Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանն այսօր սրտի վիրահատության է ենթարկվել։
«Քիչ առաջ բժշկի հետ խոսեցինք, ամեն ինչ նորմալ է անցել, վիճակը կայուն է եւ գնալով կայունանում է»,- «Ա1+»-ին ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը։
Վիրահատությունը տեւել է 2-ից 3 ժամ, ցմահ դատապարտյալին հսկում են քրեակատարողական վարչության աշխատակիցները։
Իսկ թե ինչպես է հայթայթվել վիրահատության համար անհրաժեշտ 4 մլն դրամը, Գոռ Ղլեչյանը խորհուրդ տվեց դիմել Առողջապահության նախարարությանը։ Սակայն նախարարությունից հայտնեցին, որ այս պահին նախարարությունը զբաղված է հիվանդի առողջական վիճակի գնահատմամբ, իսկ մնացած հարցերին կպատասխանեն վաղն առավոտյան։
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն էլ «Ա1+»-ին տեղեկացրեց, որ Էդիկ Գրիգորյանի հայրն էր դիմել իրենց՝ կալանավորին օրենքով հասնող բժշկական օգնություն ստանալու համար. «Մենք միջամտել ենք հանրային խորհրդով, ոչ ավելին։ Դիմել ենք համապատասխան մարմիններին, եթե բանտում գտնվողը հիվանդություն ունի, որը վտանգում է իր առողջությանը, կյանքին, ապա նրան պետք է բուժեն, դա օրենքով է»,- նշեց նա։
Պարոն Մանուկյանը միաժամանակ նշեց, որ ինքը բիզնեսմեն չէ եւ վիրահատության համար անհրաժեշտ 4 մլն դրամ չէր կարող տրամադրել ցմահ դատապարտյալի վիրահատության համար։