Ակտիվիստին ազատ արձակեցին
Կառավարության մոտից այսօր ի պաշտպանություն Թեղուտի ակցիա իրականացնող երիտասարդներից երկուսին ոստիկանները բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին։
Գևորգ Սաֆարյանին և Տարոն Սարգսյանին ոստիկանները բերման են ենթարկել առանց իրավական հիմքի։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ակցիայի մասնակից Գայանե Բաբլոյանը. «Վերջերս մենք լուրեր էինք ստացել, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն խոշոր չափի անտառահատում է արել՝ հոսանքալարեր անցկացնելու համար, պատճառաբանելով, որ այսպես կխուսափեն հրդեհներից։ Սակայն սա միակ պատճառը չէր մեր ակցիայի։ Շատ լավ գիտենք, որ «Վալլեքս գրուպը» թույլ չի տալիս նաև գյուղացիներին իրենց սրբատեղի հասնել առանց անցագրի»։
«Կառավարության մոտ ակցիայի ժամանակ պետք է նամակ ընթերցեինք, սակայն մեզ մոտեցան մի քանի ոստիկաններ և ասացին, որ մենք խանգարում ենք կառավարության գործին։ Մեր պատասխանն էլ եղավ այն, որ կառավարության կարևորագույն գործը պետք է լինի ժողովրդի հետ երկխոսությունը»,-նշեց Գայանեն՝ հավելելով, որ դրանից հետո ոստիկանները տարան երկու ակտիվիստներին։
Գայանե Բաբլոյանի խոսքերով, բերման ենթարկված Տարոն Սարգսյանին շուտ բաց են թողել՝ իրավաբանի հետ խոսելուց հետո, իսկ Գևորգ Սաֆարյանը Կենտրոնի բաժնում մնաց ավելի երկար։
Մինչ Գևորգ Սաֆարյանին ազատ կարձակեին, տեղի ունեցավ բախում «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության մասնակիցների ու ոստիկանության միջեւ։ Վերջիններս ասում էին, որ ակտիվիստները խախտում են հասարակական կարգը։