Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միլանոն» համաչափ փոխհատուցում է պահանջում

Հասարակություն
3e4e39f87a5c01b84abce8833a408f16

Ինչո՞ւ պետք է «Օլիմպ» ընկերությունը Աբովյան 4 հասցեում գտնվող «Միլանո» խանութի առաջին, երկրորդ, երրորդ, ինչպես նաեւ նկուղային հարկի համար գույքահարկ վճարեր, սակայն պետության կարիքների համար օտարվելուց հետո փոխհատուցում ստանար միայն առաջին հարկի համար։ Այս բովանդակությամբ հայցադիմումն այսօր լսվեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանում։

«Օլիմպ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանը նաեւ տեղեկացրեց՝ իրենք Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից տեղեկանք են ստացել, որ Աբովյան 4 հասցեում գտնվող «Միլանո» խանութի 2-րդ եւ 3-րդ հարկերը եւս եղել են օրինական դաշտում։
«Ավո Ֆ.Մ.Հ» ընկերությունը օտարման դիմաց միայն մեկ հարկի համար սեփականատիրոջը փոխհատուցել է 207 միլիոն 282 հազար դրամ։ Այժմ հայցվոր կողմը պահանջում է փոխհատուցում տրամադրել նաեւ մյուս երկու հարկերի համար։
Պատասխանող կողմի ներկայացուցիչ Սեյրան Գրիգորյանը դատարանում հայտարարեց, որ հայցադիմումի վերաբերյալ առարկություն էր ներկայացրել, սակայն հայցվոր կողմը այն չէր ստացել։ Առարկությունն ուսումնասիրելու համար դատարանը դատական նիստը հետաձգեց մինչեւ նոյեմբերի 6-ը։

Իսկ Միլանո խանութի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանը նշեց, որ «Ավո Ֆ.Մ.Հ» ընկերության տնօրեն Ավետիս Կարագուլյանը երբեւէ հաշտության եզրեր չի փորձել գտնել իրենց հետ եւ գիտի նաեւ ինչու. «Միանգամից 4 հարկի տեր է դառնում՝ մի հարկի կիսատ-պռատ շուկայական արժեքի հետ կապ չունեցող արժեքով»։
Ի դեպ, ընկերությունն արդեն 4 հայց է ներկայացրել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ իր ոտնահարված իրավունքները վերականգնելու համար։