Գործատուները գերադասում են գեղեցիկ աղջիկներին
Հայաստանում պաշտոնապես գրանցված է 189.500 հաշմանդամություն ունեցող անձ: Նրանց մեծամասնությունը ստիպված է ամեն օր պայքարել ոչ միայն առօրյա դժվարությունների դեմ` միջավայրի ոչ մատչելի լինելու առումով, այլեւ աշխատանք չունենալու համար:
Այս փաստերն այսօր ներկայացվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը Հայաստանում. Կարիքներ և խոչընդոտներ» խորագրով զեկույցի ընթացքում:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը իր խոսքում նշեց, որ Հայաստանի հաշմանդամների շուրջ 92 տոկոսը գործազուրկ է: Նրա խոսքով՝ հայաստանյան գործատուներն այսօր գերադասում են աշխատանքի ընդունել երիտասարդ, գեղեցիկ աղջիկների:
«Ժամանակն է Հայաստանում ընդունել օրենք, որը կբացառի հաշմանդամություն ունեցող մարդկանց հանդեպ խտրականությունը և որը թույլ կտա նրանց աշխատանքի ընդունվել ոչ թե բարի կամքով, այլ հավասար հնարավորություններով»,- նշեց Քարեն Հիլիարդը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանն ասաց, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները պետության ուշադրության ներքո են:
Նա տեղեկացրեց, որ ԱԺ-ն անցած շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունեց «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխությունները, որոնք նախատեսում են քվոտավորման քաղաքականություն` հաշմանդամություն ունեցող անձանց հարցում:
«Պասիվ քաղաքականությունից քայլ ենք անում դեպի ակտիվ քաղաքականություն: Բոլոր գործատուները պետք է միանշանակ ընդունեն, որ հաշմանդամություն ունեցող անձը պետք է աշխատելու համար հավասար հնարավորություններ ունենա»,- շեշտեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը:
«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության տնօրեն Իրինա Սողոյանն էլ ավելացրեց, որ իրենց իրականացրած ծրագրերի շնորհիվ, 188 հաշմանդամություն ունեցող անձ անցել է աշխատանքի:
ԳԱԱ անդամ Վլադիմիր Օսիպյանը, ներկայացնելով իրենց հետազոտության տվյալները, նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանը խոչընդոտում են օրենքները, միջավայրը և ոչ պատշաճ վերաբերմունքը: Բացի այդ, հաշմանդամություն ունեցող անձանց 31 տոկոսը չաշխատելու պատճառ է համարում առողջական խնդիրները, 25-ը՝ աշխատատեղերի բացակայությունը։