Դիտեք «Ա1+»-ի ուղիղ եթերում
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը կանցկացնի քննարկում՝ «Մաքսային միությանն անդամակցելու որոշման դիտարկումը Հայաստանի իրավական դաշտի շրջանակներում» խորագրով:
«Մեդիա կենտրոնի» հետ համագործակցությամբ միջոցառումը ուղիղ եթերով կհեռարձակվի a1plus.am կայքում, ինչպես նաև այն հնարավոր կլինի դիտել «Մեդիա կենտրոնի» YouTube-ի ալիքով:
Քննարկումը կվարի Հայաստանի Հելսինկյան կոմիտեից Ավետիք Իշխանյանը, ում կմիանա թեմայի վերաբերյալ խորը գիտելիքներ ունեցող ազգային փորձագետների թիմը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից Արթուր Սաքունցը համառոտ կներկայացնի Մաքսային միության որոշումների կայացման գործընթացին վերաբերող հարցերը, իսկ Արթուր Ղազինյանը կխոսի նախագահի որոշման սահմանադրականության մասին: Վերջում Տիգրան Եգորյանը կքննարկի Մաքսային միությանն անդամակցելուց հետո ակնկալվող իրավական խնդիրները:
Խոսքով հանդես գալու են հրավիրվել ՀՀ արտաքին գործերի և արդարադատության նախարարությունների, ինպես նաև նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ:
Ելույթներին կհաջորդեն հարց ու պատասխան և ՀՀ պաշտոնատար անձանց, քաղաքական գործիչների, ինչպես նաև ներկա գտնվող եվրոպական դեսպանների հետ բաց քննարկում:
Քննարկումը «Հայաստանը զարգացումների խաչմերուկներում. Եվրոպա թե Ռուսաստան» շարքից է, որը հոկտեմբեր-նոյեմբերի ընթացքում կընդգրկի բանավեճեր, հանրային քննարկումներ, հանդիպումներ լրագրողների հետ` եզրափակվելով Վիլնյուսի գագաթնաժողովով և նպատակ ունենալով ավելի լավ պատկերացում ձևավորել Մաքսային միությանն անդամակցելու հետևանքների մասին: