Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆիլմ՝ հայ գյուտարարի մասին

Հասարակություն
f6299dbe4a9cd11fefaeccc3b9e71e62

Հոկտեմբերի 27-ին Սանկտ -Պետերբուրգի Հայ առաքելական սուրբ Կատերինե եկեղեցու «Վերնատուն» հոգևոր - մշակութային կենտրոնում տեղի է ունեցել հայ ժողովրդի տաղանդավոր զավակ, գունավոր հեռուստատեսության հիմնադիր Հովհաննես Ադամյանին նվիրված նոր` «Հավերժության արտոնագիր» փաստավավերագրական կինոնկարի շնորհանդեսը:

Կինոնկարը պատմում է Բաքվում, մտավորականի ընտանիքում ծնված ապագա գիտնականի և գյուտարարի մասին, որը նախնական կրթությունը ստանալուց հետո ուսումը շարունակել է Մյունխենում, Շվեյցարիայում և հետո Բեռլինում, որտեղ էլ 1907 թվականին, տեղի համալսարանում, աշխարհում առաջին անգամ իրականացրել է էլեկտրականության միջոցով տարածության մեջ / 600 կմ./ երկգույն` սպիտակ և կարմիր պատկերի հաղորդումը և ընդունումը:

Մեկ տարի անց, միանգամից չորս երկիր` Գերմանիան, Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը արտոնագրում են հայ գիտնականի համաշխարհային գյուտը և նրան ճանաչում որպես գունավոր հեռուստատեսության հիմնադիր: Կինոնկարի սցենարի հեղինակ և ռեժիսոր Յուրի Կարապետյանին հաջողվել է արխիվային նյութերով և իր մոտ խնամքով պահված վավերագրական տեսաշարերի օգտագործմամբ կերտել, ներկայացնել Հովհաննես Ադամյանի կյանքի և բեղմնավոր գործունեության լուսավոր ու իմաստալի պատմությունը:

Առաջին Համաշխարհային պատերազմի նախօրեին մեր հայրենակիցը, Բեռլինից տեղափոխվում է Պետրոգրադ, որտեղ շարունակում է իր գիտական գործունեությունը, կատարում երկու տասնյակից ավելի արժեքավոր գյուտեր: Շարունակելով զարգացնել և խորացնել տարիներ առաջ իր ստեղծած երկգույն պատկերի հաղորդման և ընդունման համակարգի ուղղությամբ ուսումնասիրությունները, Հովհաննես Ադամյանը մշակում և գործնականում իրականացնում է եռագույն պատկերի հաղորդման և ընդունման նոր, ավելի կատարելագործված օպտիկա-մեխանիկական եղանակ:

1925 թվականին նա ժամանում է Երևան և նրա համար ստեղծված լաբորատորիայում ստեղծում է սարք, որի օգնությամբ աշխարհում առաջին անգամ փոքր էկրանի վրա ստանում է եռագույն պատկերներ:Ադամյանը իր սարքը անվանել էր «ՀԵՌԱՏԵՍ»: Կինոնկարում Ադամյանի մասին հետաքրքիր հիշողություններն են պատմում նրա նախկին հարևանը և ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը, նա Լենինգրադի համալսարանում ուսանելու տարիներին ապրել է նրա հարկի տակ, ականատես է եղել գիտնականի գիտափորձերին:

Հավելենք նաև,որ առաջին անգամ տիեզերքից գունավոր պատկերներ հաղորդելու համար տիեզերագնացները օգտագործել են Հովհաննես Ադամյանի ստեղծած օպտիկա-մեխանիկական համակարգը:

Հովհաննես Ադամյանը մահացել է 1932 թվականին, Լենինգրադում, 1970 թվականին, նրա աճյունը տեղափոխվել է Երևան, նա թաղված է քաղաքային պանթեոնում: Հայ ժողովուրդը իր նշանավոր զավակի հիշատակը միշտ վառ է պահում, նրա անունով է կոչվել Երևանի փողոցներից մեկը, Հայաստանի հանրային հեռուստատեսության նախասրահում տեղադրվել է նրա բրոնզե կիսանդրին, իսկ ամենամեծ ստուդիան կրում է Հովհաննես Ադամյանի անունը: