Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրիպի դեպք դեռևս չի արձանագրվել

Հասարակություն
923f24ff790cfb860a1abd7e8a741814

2013թ. հունվարի 1-ից մինչ օրս հանրապետությունում արձանագրվել է սուր շնչառական վարակների 12.045 դեպք, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ դրանք 12000 էին։

Այս մասին «Ա1+ի» հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը` հավելելով, որ սուր շնչառական վարակների թեթեւ աշխուժացում է նկատվել։

«Օրինաչափ են այս սեզոնի համար, հանրապետությունում սուր շնչառական հիվանդությունների համաճարակ չկա», - նշեց Լիաննա Թորոսյանը։ Նա նաև հավելեց, որ հանրապետությունում գրիպի դեպք դեռևս չի արձանագրվել, քանի որ գրիպ են համարվում այն հիվանդությունները, որոնք ունեն վիրուսաբանական հաստատում:

«Սուր շնչառական հիվանդությունները եւ գրիպը տարբեր ախտորոշումներ են: Մեր լաբորատոր հետազոտությունները ցույց են տալիս, որ մինչ օրս արձանագրվել է գրիպի A1 տեսակի մեկ դեպք՝ հարբուխ», - նշեց Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետը։

Նրա խոսքով՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին սուր շնչառական հիվանդությունների թվի ավելացումը պայմանավորված է ջերմաստիճանի անկմամբ. «Եղանակը ցուրտ է, մարդկանց շփումը ավելի փոքր տարածությունում մեծացել է»,- նկատում է Լիանա Թորոսյանը։

«Ա1+»-ի հարցին, թե ինչու է այս սեզոնին սուր շնչառական հիվանդություն վիրուսը հիվանդների մոտ ավելի երկար մնում, Թորոսյանն ասաց. «Պարզապես մարդիկ չեն դիմում բժշկի ու ինքնաբուժությամբ են զբաղվում»։

Նման դեպքերում Լիանա Թորոսյանը բնակչությանը խորհուրդ է տալիս հետեւել Առողջապահության նախարարության խորհուրդներին՝ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել։