Գերեզմանատուն` թանգարանի հաշվի՞ն
Երևանի քաղաքապետարանը մտադիր է ընդլայնել «Կարմիր Բլուր» գերեզմանատան տարածքը: Այս որոշման նախագիծն ավագանու դատին կհանձնվի արդեն առաջիկա՝ հոկտեմբերի 31-ի նիստի ընթացքում, և որոշման նախագիծն արդեն իսկ ընդգրկված է նիստի օրակարգում: Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»։
Նկատենք` տարիներ առաջ հենց «Կարմիր Բլուր» գերեզմանատան տարածքն ապօրինի կերպով ընդլայնելու հաշվին «Կարմիր Բլուր» հնավայրին պատկանող հողատարածություններն անդառնալի կորուստներ կրեցին:
Ավելի ուշ` 2003 թվականին, հենց հնավայրը փրկելու նպատակով «Կարմիր Բլուրը», կառավարության որոշմամբ, ներառվեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի կազմում: Ի դեպ, 2010թ. թանգարանը մշակույթի նախարարության ենթակայությունից հանձնվեց Երևանի քաղաքապետարանին: Եվ ահա 3 տարի անց, քաղաքապետարանը արգելոցի հետ առնչվող նոր որոշում է նախապատրաստում:
Սպասվող որոշման վերաբերյալ մենք փորձեցինք պարզել թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանի տեսակետը: Նա, սակայն, այդ մասին առաջինը լսեց հենց մեզանից:
Գագիկ Գյուրջյանն ասաց, որ նախագիծն իրենց հետ համաձայնեցված չէ, բայց եւ ենթադրություն արեց, թե որ տարածքի մասին կարող է լինել խոսքը:
«90-ականներին այդտեղ` հնավայրի տարածքում, անօրինական թաղումներ արվեցին, և տարիներ հետո միայն պարիսպ դրվեց, որի շնորհիվ` գերեզմանների շարժը դեպի թանգարան սահմանափակվեց: Ես ենթադրում եմ, որ գերեզմանոցի այդ զավթված տարածքի օրինականացման մասին է խոսքը, քանի որ, բնականաբար, գերեզմաններն արդեն այդտեղից հանել հնարավոր չէ»,- ասաց թանգարանի տնօրենը:
Առավել մանրամասն՝ այստեղ