Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2014թ. պետական բյուջեի առանձնահատկությունները

Քաղաքականություն
0f191c42d7c45ae6f621199bd4541a7c

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր սկսվեցին «ՀՀ 2014թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները:


Քննարկմանը ներկա էր եւ բյուջեի նախագիծը ներկայացրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ըստ նրա՝ առաջին անգամ ներկայացվում է բյուջե, որը չի նախատեսում հարկային վարչարարության ավելացում. հարկեր-ՀՆԱ ցուցանիշը թողնում են նույնը. «Ինչո՞ւ, որովհետեւ 2013թ.-ին մեծ ծավալի միջացառումներ են իրականացվել այս ուղղությամբ, որոնք ինքնըստինքյան բիզնես միջավայրի վրա ազդել են արդեն, այժմ մենք որոշել ենք ռիսկային ոլորտներում ստուգումներ իրականացնել, եւ ինձ թվում է, այս քաղաքական որոշումը ռիսկերը կնվազեցնի»:


Բյուջեի դեֆիցիտը լինելու է շատ ցածր է. «Սակայն մենք չենք բացառում ավելի մեծ դեֆիցիտ՝ ընդլայնողական բյուջետային քաղաքականության եւ միջազգային ծրագրերի արդյունքում»:
Ինչ վերաբերում է աշխատավարձերին, ապա վարչապետը հայտարարեց, որ ներդվել է միասնական սանդղակ, որի վրա բավականին երկար են աշխատել եւ արդյունքում առաջին անգամ պետական բոլոր կառույցներում կլինեն համադրելի աշխատավարձեր. «Հետեւողականորեն նաեւ իրականացնելու ենք աշխատավարձերի բարձրացում ոչ միայն պետական, այլեւ մասնավոր հատվածում, իսկ նվազագույն աշխատավարձը 35 հազար դրամից հասցվելու է 70 հազարի»:


Իսկ սոցիալական բնագավառում կառավարությունը որոշել է այսուհետ զբաղվել խնդիրներ ծնող պատճառների վերացման դեմ պայքարով. «Առաջին հերթին սոցիալական խնդիրներ ծնող պատճառը աշխատատեղերի բացակայությունն է: Ուզում եմ նշել, որ աղքատ ընտանիքների համար սոցիալական վիճակը չպետք է լինի պտճառ, որ նրանց երեխաները կրթություն չստանան, եւ այդ պատճառով շեշտակիորեն ավելացվելու են ֆինանսական միջոցները»:
Տիգրան Սարգսյանն արդարացված համարեց կառավարության այն որոշումը, ըստ որի՝ վերացվեց 18 հազար դրամ գործազրկության նպաստների տրամադրումը. «Կյանքը ցույց է տվել, որ նպաստ ստանում էին հիմնականում սոցիալապես ապահով մարդիկ, դրա համար էլ վերացրինք այդ համակարգը: Այժմ կա պիլոտային ծրագիր, որը հնարավորություն կտա աշխատանք որոնողներին գտնել այն, որն էլ իր հերթին կնպաստի, որպեսզի պետության միջոցները չփոշիանան»:


Վարչապետն անդրադաձավ նաեւ 2014թ. հունվարի մեկից թոշակների բարձրացմանը՝ ընդգծելով, որ դա չի վերաբերելու 93 հազար դրամից բարձր թոշակ ստացողներին: Այս համակարգի արդյունքում 33 հազար մարդ կունենա թոշակների ավելացում:
Նշենք, որ 2014թ. բյուջեի ծախսային մասը կկազմի 1 տրիլիոն 272 մլրդ 955 մլն 463 հազար, եկամտային մասը` 1 տրիլիոն 145 մլրդ 415 մլն 563 հազար դրամ: