Համերգ՝ նախագահի ընտրության փոխարեն
Կոմպոզիտորների միության նախագահի թեկնածու Արամ Սաթյանին հենց այսօր են տեղեկացրել, որ ժամը 13։00-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի է ունենալու Կոմպոզիտորների միության նախագահի արտահերթ համագումարը. «Սիրուն չի, գոնե մի քանի օր առաջ տեղեկացնեին», - լրագրողներին ասաց Արամ Սաթյանը և հիշեցրեց, որ համաձայն Կոմպոզիտորների միության կանոնակարգի` իրեն պետք է տեղեկացնեին 14 օր առաջ:
Արամ Սաթյանի խոսքով` Ռոբերտ Ամիրխանյանը կոմպոզիտորների միությունը պառակտում է. «Չգիտեմ՝ որ ընտրվի, ի՞նչ է լինելու»,- անհանգստացած է նա:
Սաթյանն ասում է, որ կոմպոզիտորների միությունում ընդգրկված է 121 անդամ, սակայն պարզվել է, որ այդ ցուցակում գրված է 126 մարդու անուն, որոնց մեջ են նաև 5 մահացած կոմպոզիտորներ. «Սա հերթական սադրանքն է»:
Իր նախաընտրական ծրագրի մասին խոսելով` Սաթյանն ասաց, որ իր ծրագրի մեջ է մտնում կոմպոզիտորների միության ինտեգրումը մշակութային միջազգային կառույցներին և մշտապես նրանց հետ համագործակցությունը:
Տեղեկացնենք նաև, որ երիտասարդ կոմպոզիտորներն այս պահին բաց նամակով դիմում են կոմպոզիտորներին, որպեսզի չընտրեն Ռոբերտ Ամիրխանյանին։
Նախագահի թեկնածու Ռոբերտ Ամիրխանյանն ասաց, որ նախագահի ընտրությունը դեռ պարզ չէ, թե երբ տեղի կունենա և հավելեց, որ այսօր համագումար է, որի ընթացքում նաև համերգ է լինելու սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ:
Ամիրխանյանն իր մասին հնչող քննադատություններին չի ցանկանում պատասխանել. «Չեմ ցանկանում պատասխանել ոչ մեկին։ Ամեն ինչ ճիշտ է` թեկնածունները մի քանիսն են»: Անդրադառնալով երիտասարդ կոմպոզիտորների բաց-նամակին` Ամիրխանյանն ասաց, որ ինքը պատասխանում է միայն կոմպոզիտորների միության անդամների նամակներին: