Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպիվակովը հանդես կգա Երեւանում և Գյումրիում

Հասարակություն
2f62c97f9bb9efc066e7b71ef292b7de

Հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված՝ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում նոյեմբերի 10-11-ը Հայաստանում համերգներով հանդես կգա Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ։
Երևանյան համերգը կկայանա նոյեմբերի 10-ին՝ ժամը 19.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Այն նվիրված է Հայաստանի կամերային նվագախմբի հիմնադիր, անվանի ջութակահար, դիրիժոր Զարեհ Սահակյանցի 80-ամյակին։

Իսկ նոյեմբերի 11-ին Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Վ. Սպիվակովի ղեկավարությամբ, ելույթ կունենա Գյումրիում։ Գյումրիում տեղի ունենալիք համերգը կկայանա «Գյումրին 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում։

Որպես մենակատարներ հանդես կգան Ալեքսանդր Ռոմանովսկին (դաշնամուր, Իտալիա), Վասիլի Լադյուկը (բարիտոն, Ռուսաստան), Ջուլիետ Գալստյանը (մեցցո-սոպրանո, Շվեյցարիա) և Հասմիկ Պապյանը (սոպրանո, Հայաստան)։
Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հայաստանյան համերգները տեղի են ունենում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունների և ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։
Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։