Քաղաքապետերը ծառեր են տնկել
Պաշտոնական այցով Երևանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաքի սենատոր-քաղաքապետ Ժան - Կլոդ Գոդենը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ, այցելել է Երևանի թիվ 52 հիմնական դպրոց, որտեղ եվրոպական GOSPEL ծրագրով կառուցվել է երեք մարզադաշտերից բաղկացած բազմաֆունկցիոնալ մարզահրապարակ։ Դպրոցի բակում մարզահրապարակի կառուցումը Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող և Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող առաջին ծրագիրն է։ Համաձայն նախագծի, մարզադաշտերից մեկը նախատեսված է նաև սահմանափակ կարողություններով անձանց համար։
Մարսել քաղաքի սենատոր-քաղաքապետ Ժան - Կլոդ Գոդենն ընդգծել է, որ սա երկու քաղաքների միջև առկա ջերմ և բարեկամական հարաբերությունների ևս մեկ խոսուն ապացույց է։
Այնուհետ Երևանի քաղաքապետի ուղեկցությամբ Մարսելի քաղաքապետը ծանոթացել է նաև մարզահրապարակի պայմաններին ու ցուցադրական ելույթներին, որոնց մասնակցում էին նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիները:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենն, ի նշան երկու քաղաքների բարեկամության, խորհրդանշական ծառեր են տնկել դպրոցի բակում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն