Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի առաջնություն՝ Հայաստանում

Հասարակություն
ccd01b581ab477d929f331cc601dd5ab

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է հոկտեմբերի 24-25-ը Հայաստանում տեղի ունեցած Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահության նիստի մասնակիցներին՝ ասոցիացիայի նախագահ Ադամ Ռոշեկի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԿԳ նախարար, Հայաստանի համալսարանական սպորտի ֆեդերացիայի նախագահ Ա. Աշոտյանը շեշտել է, որ Հայաստանը Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիային անդամակցել է ընդամենը մեկ տարի առաջ և ճանաչողական տեսանկյունից կարևոր է համարում ասոցիացիայի նիստի անցկացումը Հայաստանում, քանի որ այն համալսարանական սպորտի և անդամ երկրների համագործակցության զարգացմանը միտված լրացուցիչ հնարավորություն է:

Նախարարը նշել է, որ անդամակցությունից հետո Հայաստանը ակտիվ մասնակցություն է ունեցել ուսանողական սպորտային խաղերին, իսկ անցյալ տարի Կազանի ունիվերսիադիայից Հայաստանի պատվիրակությունը վերադարձել է 10 մեդալով: Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահ Ադամ Ռոշեկը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, նշել է, որ թեև Հայաստանը Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի ամենաերիտասարդ անդամներից է, սակայն աչքի է ընկնում շատ մեծ ակտիվությամբ, ինչը վստահություն է ներշնչում, որ կունենա խոստումնալից ձեռքբերումներ:

ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանն առաջարկել է 2015 թվականին Հայաստանում անցկացնել Եվրոպայի համալսարանական սպորտի շախմատի առաջնությունը՝ հաշվի առնելով, որ Հայաստանը շախմատային հարուստ ավանդույթներ ունեցող երկիր է: Նախարարը ներկաներին նաև տեղեկացրել է, որ Հայաստանն աշխարհի այն եզակի երկիրն է, որտեղ «Շախմատը» որպես հանրակրթական առարկա դասավանդվում է դպրոցներում:

Ասոցիացիայի ավելի քան 20 անդամ երկրների ներկայացուցիչներից բացի Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի երևանյան նիստին հյուրի կարգավիճակով ներկա է եղել նաև հարևան Վրաստանի համալսարանական սպորտի ֆեդերացիայի նախագահը:

ՀՀ ԿԳՆ