Եր. Ենգիբարյանը սպանվել էր մահից 2 օր առաջ
Մոսկվայի «Բերգ սաունդ» կինոարտադրող ստուդիան այս պահին Հայաստանում նկարահանում է «Ստրելոկ-2» գեղարվեստական ֆիլմը, որտեղ իր վերջին դերը խաղաց Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, օրերս ավտովթարի զոհ դարձած Երվանդ Ենգիբարյանը։
Ճակատագրի հեգնանքով ֆիլմում ռուս գործակալի դերն ստանձնած Երվանդն իր իրական մահից ընդամենը 2 օր առաջ՝ իր ծննդյան 30-ամյակի նախօրեին, ֆիլմում սպանվում է նարկոդիլերների կողմից։
Գործընկերներն ասում են, որ դերը նրան շատ էր սազում։
Ֆիլմի բեմադրիչ ռեժիսորն է Կամերային թատրոնի դերասան Արշալույս Հարությունյանը, բեմադրող օպերատորը՝ Սուրեն Թադեւոսյանը։
Այս ֆիլմը Երվանդ Ենգիբարյանի միակ ռուսական նախագիծը չէր։ Առաջիկայում տեղի կունենա նույն ստուդիայի նկարահանած «Ալպինիստը» ֆիլմի պրեմիերան, որտեղ շնորհալի դերասանը եւս դերակատարում է ունեցել։