Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ախպեր, դու չէի՞ր գետնին ընկած ինձ հայհոյում»

Հասարակություն
74834d7be33ef9a386205f914e1f16ca

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ այսօր շարունակվեց «Հարսանաքարի գործով» դատաքննությունը։

Տուժողներից ներկա էին Արտակ Բայադյանը եւ Գարիկ Սողոմոնյանը։
Բայադյանը հայտարարեց, որ դատաքննության ընթացքում իր տված ցուցմունքները փոփոխության չի ենթարկում։

Նաև նշեց, որ իրեն հարվածել է ամբաստանյալ Գարիկ Մարգարյանը, եւ որ ինքը վերջինիս չի հայհոյել, չի էլ լսել, որ Վահե Ավետյանը հայհոյի։ Նա բացառեց նաեւ, որ Վահեին մեկ հոգի է ծեծել. «Ավետյանը շրջապատված էր մի քանի հոգով, հարվածներն անընդհատ էին»։

Տուժողը նաեւ չի տեսել, որ ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը հարվածած լինի։ Հիշեցնենք, որ վերջինս հայտարարել էր, թե միայն ինքն է Վահե Ավետյանին ծեծել։

Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանը հակադարձեց. «Ախպեր, դու չէի՞ր, որ ասեցիր՝ սենց ենք արել ու անելու ենք, չես հիշո՞ւմ, չակերտները բացե՞մ, որ հայհոյել ես»։
Արտակ Բայադյանը հավաստիացրեց՝ նման բան չի եղել։

Գարիկը շարունակեց. «Ախպեր, դու չէի՞ր, որ գետնին ընկած ինձ հայհոյում էիր»։ Բայադյանը բացառեց, որ իրեն ծեծել է մի հոգի, իսկ Գարիկ Մարգարյանը պնդեց, որ Բայադյանին ծեծողն ինքն է եղել. «Բայադյանին մի քանի հոգի չեն ծեծել, տուժողը ճիշտ չի ասում, պետք չի կինոներ պատմել»։