Ադիբեկյանն ուրախ կլինի Ս. Ալեքսանյանի որդու համար
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը դեռևս հույսեր ունի կառավարությունից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարոն Ադիբեկյանը անդրադարձավ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման հարցին` նշելով, որ բյուջեի միայն 5.6 տոկոսն է ծախսվում կառավարման համակարգի վրա:
Հիշեցնենք, որ ԱԺ այս քառօրյայում քննարկվում էր պետական համակարգի, մասնավորապես ՝ Սերժ և Տիգրան Սարգսյանների, Հովիկ Աբրահամյանի, պատգամավորների, նախարարների աշխատավարձերի բարձրացման հարցը, որին դեմ են արտահայտվել ընդդիմադիր պատգամավորները: Մեր դիտարկմանը, թե որքանով է սա անհրաժեշտություն այս պահին, պրն Ադիբեկյանը պատասխանեց.
«Մենք բյուջեի 5.6 տոկոսն ենք ծախսում պետական կառավարման համակարգի վրա, երկրներ կան, որոնք 10 տոկոսն են ծախսում, հիմա թող էդ տոկոսը դառնա 7 կամ 8 տոկոս: Դա մեծ գումար չի, բայց հույս կա, որ համակարգը կաշխատի ավելի լավ»,- նշեց սոցիոլոգը:
«Ա1+»-ի մյուս հարցին, թե որքանով են արդյունավետ աշխատավարձերի բարձրացումները պատգամավորների համար, եթե մեր օրենսդիր մարմնի շատ անդամներ միայն այդ աշխատավարձի հույսին չեն և հանրությանը հայտնի են նախ իբրեւ գործարարներ, օրինակ` Սամվել Ալեքսանյանը կամ Գագիկ Ծառուկյանը։ Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց. «Դա նորմալ երևույթ է: Թող Սամվելը Ալեքսանյանն իրա տղուն տանի Հարվարդում սովորացնի ու բերի դարձնի պատգամավոր, ես միայն ծափ կտամ դրա համար»:
Մանրամասները` տեսանյութում: