Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլիտայի ցինիզմը (տեսանյութ)

Քաղաքականություն
399697632a074bebb8a5bf1216e79df7

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիմնավորում է, թե ինչու է դեմ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց վարձատրության մասին» օրենքի նախագծին։

Ըստ նախագծի՝ 203 տոկոսով բարձրանալու է Սերժ Սարգսյանի աշխատավարձը՝ դառնալով 1 322 000դրամ։
218 տոկոսով բարձրանալու են ԱԺ նախագահի ու վարչապետի աշխատավարձերը՝ դառնալով 1 190 000։
«Սրանք այն մարդիկ են, որոնց ղեկավարման օրոք աղքատությունը 26 տոկոսից հասել է 35 տոկոսի, արտագաղթը՝ աղետալի չափերի»,- հիշեցնում է Նիկոլ Փաշինյանը և հավելում՝ այս մարդիկ արժանի են միայն պաշտոնանկության։

Կառավարությունը, իհարկե, կասի, որ 2014 թ. բյուջեով նախատեսվում է, օրինակ, ուսուցիչների աշխատավարձի 4,7 տոկոս աճ, եւ եթե հիմա ուսուցչի աշխատավարձը 2,3 անգամ քիչ է նախարարի աշխատավարձից, օրենքի ընդունումից հետո 5,3 անգամ քիչ կլինի։ Իսկ հունվարից ներդրվող կուտակային կենսաթոշակի արդյունքում՝ ոչ մի բարձրացում էլ չի լինի՝ արձանագրում է Նիկոլ Փաշինյանը։

Համեմատություն անցկացնելով հայտնի ֆիլմի հետ՝ պատգամավորը գալիս է եզրակացության. «Պարզվում է՝ պատգամավորին երջանիկ լինելու համար չի բավարարում 329 805 դրամ»։

Ինքն անձամբ չի ուզում, որ իր աշխատավարձը բարձրանա, որովհետեւ դրան զուգահեռ՝ սայլակին գամված հաշմանդամը կստանա մի ամբողջ 1400 դրամով ավելի՝ 19600 դրամ, 30 տարվա աշխատանքային ստաժ ունեցող քաղաքացին՝ 30200 դրամ թոշակ, այն դեպքում, երբ պարենային զամբյուղը 32 900 դրամ է։

Եվ այս ամենը՝ պաշտոնապես գրանցված 1 146 000 աղքատ մարդու գոյության պայմաններում։ «Այս մարդիկ սպասում են էլիտայի խոսքին, որոնք իրենց հուսադրող մի բան կասեն, եւ կստանան լուրը՝ էլիտայի աշխատավարձը բարձրանում է. սա ոչ այլ ինչ է, քան ցինիզմ»,- հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։