Դ. Հարությունյանին դուր չի եկել Վ. Գաբրիելյանի ներկայացումը
ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ԱԺ-ում անդրադարձավ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց վարձատրության մասին» օրենքի նախագծին՝ հաստատելով կարծիքները, թե նախագծի քննարկումներն անձնավորված են դիտվում։ Անդրադառնալով քննադատություններին՝ նա ասաց. «Ինչպիսի օրենք էլ չբերվեր, այն, միեւնույն է, քննադատվելու էր, բայց դա նաեւ չի նշանակում, որ բերվածը լավն է։ Սա զուտ քաղաքական փաստաթուղթ է, որն իր էությամբ արտացոլում է, թե ով ինչ դերակատարում պետք է ունենա երկրում, նաեւ՝ որոշումներ կայացնելու տեսանկյունից»։ Սակայն միայն աշխատավարձով չէ, որ սահմանվում է պաշտոնյաների դերակատարումը՝ Դավիթ Հարությունյանը համաձայն է ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի հետ։
Դավիթ Հարությունյանին դուր չի եկել Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի ներկայացման ձեւը, որով ներկայացվեց օրենքի նախագիծը. «Բովանդակային մասը բացակայում էր ընդհանուր հղումների ներքո»։
Դավիթ Հարությունյանը մեր երկրում կատարվող բարեփոխումները համեմատեց Սինգապուրի հետ՝ հիշեցնելով, որ երբ Սինգապուրում բարեփոխվում էր հանրային ծառայությունների ոլորտը, Սինգապուրի վարչապետն ասաց՝ ես աշխարհում ամենաբարձր վարձատրվող վարչապետն եմ, բայց իմ կարողություններով զիջում եմ բոլորին, այսինքն՝ կոռուպցիա այնտեղ չկա։