Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սյունիքի մարզի գյուղերում խուճապ է

Հասարակություն
b22964cfdadcaa75b306897a1fd0e25e

«Գյուղում հիմա իրարանցում է, մեքենաներով դաշտից հավաքում են հիմնականում նուռն ու արքայանարինջը», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղի ղեկավար Հովհաննես Օհանյանը։
«Թուզը քաղել վերջացրել ենք, նուռը, կարալյոկը, սերկևիլը մնացել է ծառերին», - հայտնեց համայնքի ղեկավարը և հավելեց, որ նռան բերքահավաքը դեռ նոր է սկսվում գյուղում։ Հովհաննես Օհանյանը դժվարանում է պատասխանել, թե կհասցնե՞ն արդյոք 2 օրում բերքահավաքն ավարտել. «Հիմա քաղում են, ինչքան կկարողանանք-կհասցնենք՝ ով քիչ բերք ունի, կհասցնի, ով որ շատ՝ չի հասցնի»,- ասաց նա։

Տաշտուն գյուղի ղեկավար Հենրիկ Գաբրիելյանն ասաց, որ գյուղացիները տեղյակ են սպասվող ցրտահարության մասին, սակայն գյուղում բերքահավաքն ավարտված է։
«Մեր գյուղը բարձրադիր է, մեզ մոտ նուռ, կառալյոկ չի աճում, խնձորի ու տանձի բերքահավաքն էլ արդեն վերջացել է, մի քանի օր առաջ էլ կարտոֆիլն ու լոբին ենք հավաքել»,- ասաց Տաշտունի գյուղապետը։

Հիշեցնենք, որ ըստ «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզի ծառայության կանխատեսումների, հոկտեմբերի 25-ին Սյունիքի մարզի տարածքով կանցնեն սառը հոսանքներ, ինչի հետևանքով հոկտեմբերի 25-ի գիշերը Սյունիքի մարզում գիշերը սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում (մինչև -10 C) և ցրտահարություն։