Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գրություն կթողնեմ եւ կկախվեմ»

Հասարակություն
12768452bd8bbbf2da48288479175a63

Այսօրվանից նախագահական նստավայրի մոտ անժամկետ նստացույց է սկսել մանկատան նախկին սան Թագուհի Քոչարյանը։

Նա հույս ունի, որ Սերժ Սարգսյանը կօգնի վերանայել գողության մեջ մեղավոր ճանաչված իր ամուսնու՝ Ռոման Կուդաշինի գործը։ «Ընդամենն ուզում եմ արդարություն լինի»,- «Ա1+»-ին ասաց Թագուհի Քոչարյանը։

Ռոման Կուդաշինը մեղավոր է ճանաչվել 2011 թ-ին Վանաձորի մանկատնից 150.000 դրամանոց երաժշտական կենտրոն գողանալու համար եւ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել 4 տարվա ազատազրկման։

«Մանկատան տնօրենը ոչ պահանջ, ոչ բողոք հենց սկզբից չի ունեցել, ինքը դատարանում էլ է ասել, որ ես ոչ մի բողոք չունեմ Ռոմանի դեմ»,- այսօր բարձրաձայնում է մանկատան նախկին սանը։

Նրան հատկապես ցավ է պատճառում այն հանգամանքը, որ իր ամուսնուն դատել են առանց ապացույցների՝ դատավորի ներքին համոզմամբ եւ ամենածանր հոդվածով. «Որ ինքը մի հատ ծանոթ ունենար, գումար ունենար, տեսնեմ իր հետ այդպես կվարվեի՞ն»։

Մանկատանը մեծացած Թագուհին նշում է, որ բացի Ռոմանից, ոչ մի հարազատ մարդ չունի։ Իսկ դատավճռի հրապարակումից հետո ամուսինը փախել է եւ այժմ հետախուզման մեջ է։ «Բա ինչ աներ, նստեր սպասեր, թե երբ էին գալու նրան բռնեին- տանեին, անմեղ տեղը ձերբակալեին»,- ամուսնու քայլն արդարացնում է նա։

Եթե պատկան մարմիններից ոչ մեկը խնդրին լուծում չտվեց, մանկատան նախկին սան Թագուհի Քոչարյանը սպառնում է. «Գրություն կթողնեմ եւ կկախվեմ»։