Սեւանում, ինչպես Վենետիկում
Սեւանա լճի ափերը ճահճանում են, միեւնույն ժամանակ լճի կենտրոնական հատվածներում ցուցանիշները լավացել են։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը։
Բնապահպանի խոսքերով՝ Սեւանը ինքնամաքրման մեծ ներուժ ունի եւ եթե մի փոքր օգնում ես, արձագանքում է։
Տիկին Դանիելյանը միաժամանակ ավելացրեց, որ շրջակա միջավայրի հետ կապված ցանկալի իրավիճակ չի ստացվում, քանի որ ծանր մետաղների աղտոտվածության աստիճանը բարձր է, եւ կա փոքր ՀԷԿ-երի խնդիր։
Անդրադառնալով Սեւանա լճի մակարդակի բարձրացմանը՝ բնապահպանը նշեց, որ տարվա սկզբին նիշը եղել է 1913 մ, իսկ հիմա 1923 մ է։
Տիկին Դանիելյանին հատկապես անհանգստացնում է այն հանգամանքը, որ այս տարիների ընթացքում Սեւանա լճի ափերին բազմաթիվ շենքեր են կառուցվել, որոնք իրավունք չունեին կառուցելու, դեռ սովետական տարիներից այդ որոշումը կա։
«Հիմա նույն պատգամավորները մի ձեռքով Սեւանի օրենքները ընդունեցին, մյուս ձեռքով վիլլաներ շարեցին։ Իհարկե չեմ ասում միայն պատգամավորները։ Հիմա փորձում են ուսումնասիրել, թե որքանով կարող են ամրացնել այդ շենքերը, որ նրանք մնան այդտեղ եւ ենթադրենք լճով մոտենան, այնպես ինչպես Վենետիկն է»,- նշեց նա։
Բնապահպանը ասում է, որ մենք կարող ենք մեր Վենետիկն ունենալ, բայց նրան տեղեկացրել են, թե դա հնարավոր չէ։