Բոննում հայ նկարչի աշխատանքը լավագույնն էր
Նկարիչ Տիգրան Սահակյանը 4 օր առաջ է վերադարձել Գերմանիայի Բոնն քաղաքից։ «Առանց սահմանների» ցուցահանդեսի ժամանակ հայ նկարչի աբստրակցիոն ոճի աշխատանքը ճանաչվել է լավագույնը։ Հենց տեղում նկարիչը որոշել է իր աշխատանքը նվիրել Բոննի քաղաքապետարանին։ Տպավորված է հատկապես ցուցահանդեսի մասնակից չինացի նկարիչների աշխատանքներով. «Հետաքրքիր էր շփումը նրանց հետ դիտարկել կողքից, թե ինչպես են աշխատում չինացիները իրենց ավանդական տեխնիկայով և նյութերով», - ասաց Տիգրանը։
Տիգրանը Գերմանիայի Բոնն քաղաք հասել է «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի շնորհիվ։ Ընդամենը մեկ տարի առաջ ստեղծված այս կենտրոնը նոր դռներ է բացում Հայաստանի արվեստագետների առաջ։ Հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանի խոսքով՝ իրենք փորձում են լրացնել պետության բացը երիտասարդ արվեստագետներին աշխարհին ներկայացնելու հարցում. «Ունենք 1 նկարիչների միություն, որից բացի՝ չկա այլ կառույց», -ասաց Հարությունյանը։
«Մշակույթների երկխոսության» հիմնադրամի նախագահը վստահեցնում է՝ հայ ժամանակակից արվեստի լավ գործերի եւ տաղանդավոր նկարիչների պակաս չունեն, սակայն նեղ մասնագիտացման կարիք կա. «Բացակայում են համադրողները, արտդիլերները, արտմենեջերները», -ավելացրեց արվեստաբանը։
Իր գործում Պետական օժանդակության բացակայությունը զգում է նաեւ Տիգրան Սահակյանը. «Խնդիրները շատ են՝ սկսած արվեստանոցային պայմաններից մինչև նյութը»։