Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Սաթյանը կառաջադրի իր թեկնածությունը

Հասարակություն
8d98347279e901f846852ecbb1abec4d

«Կոմպոզիտորների միության ոչ մի անդամ օֆիցիալ կերպով տեղեկացված չէ, որ հոկտեմբերի 26-ին Կոմպոզիտորների միության համագումարն է, որի ընթացքում կընտրվի միության նախագահ։ Ոչ մեկին չեն տեղեկացրել, որ «Արամ Խաչատրյան» համերգասրահում է լինելու:

Հնարավոր է՝ այնպիսի վիճակ ստեղծվի, որ մի մասը գնա միություն, մի մասը գա մեծ դահլիճ: Հատկապես խնդիր կլինի միության այն անդամների համար, ովքեր ապրում են Գյումրիում, Լոռիում: Սա միտում է, որ քվորում չապահովվի»,- այսօր հայտարարեց կոմպոզիտոր Արամ Սաթյանը։

Նա ոչ մի կերպ չի հասկանում՝ ինչու է ընտրվել հենց այդ համերգասրահը.«Հազիվ 100 կոմպոզիտոր լինենք, 12000 հոգանոց դահլիճը մեր ինչին է պետք։ Եթե Ռոբերտ Ամիրխանյանը շոուներ կազմակերպելու հնարավորություններ ունի, թող ավելի լավ է՝ այդ գումարները ծառայեցնի կոմպոզիտորների վիճակը բարելավելուն, բոլորս գիտենք՝ ինչ վատ են ապրում կոմպոզիտորները»,-նկատեց նա։

Պարոն Սաթյանը համոզված է, որ մեզ այսօր ամենաշատը պակասում է նոր մտածողությունը. «Այսօր կազմակերպվում են անիմաստ համերգներ, խոսվում է զարգացման մասին, երբ անգամ ոչ մի կապ չունենք ոչ մի միջազգային կառույցի հետ, համաշխարհային երաժշտական պրոցեսի մաս չենք կազմում։ Անձնական որակները այստեղ մեծ դեր են խաղում. քանի անգամ է եղել, որ տարբեր երկրների կոմպոզիտորների միությունների նախագահներն եկել են Հայաստան, բայց չեն էլ արժանացել Ամիրխանյանի ընդունելությանը»,-նշեց նա։

Կոմպոզիտորը վերջում հավելեց, որ նա նույնպես պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը. «Ես ստեղծագործող մարդ եմ, սա պաշտոն չէ, սա չարչարանք է ու նոր մտածողություն, որ ինձ թվում է՝ ես կարող եմ այդ նորը բերել»,- եզրափակեց նա։