Վճիռ՝ մահացածի դեմ
«Վճռաբեկ դատարանն անում է այն, ինչ ուզում է եւ գնում է ոչ թե առաջ, այլ հետ»,- անդրադառնալով ներկայիս արդարադատության վիճակին՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց փաստաբան Գեւորգ Դավթյանը։
Նրա խոսքերով՝ մեր երկրում արդարադատություն չկա։ Նման եզրահանգման փաստաբանը եկել է այն բանից հետո, երբ իր վարույթում առկա գործի շրջանակներում կատարվել են ակնհայտ եւ կոպիտ խախտումներ, որոնց պատասխանատուն, ըստ փաստաբանի, դատարաններն են՝ Վճռաբեկ դատարանի քավորությամբ։
Խնդիրը հետեւյալն է.
Գործով հայցվորը՝ Իրա Զիրոյանը, պահանջ է ներկայացնում 6 տարի առաջ մահացած անձի եւ նրա ժառանգությունը դեռեւս չձեւակերպված ժառանգի դեմ՝ փորձելով տիրանալ իրեն չպատկանող սեփականությանը։
Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանը քննում է գործը եւ փաստորեն, փաստաբանի խոսքերով, վճիռ կայացնում մահացածի դեմ։
Ըստ Գեւորգ Դավթյանի՝ գործը քննվել է ակնհայտ լուրջ խախտումներով եւ հենց դա էլ հիմք է հանդիսացել, որ դեռեւս 4 ամիս առաջ Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին ներկայացվի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին դիմում, սակայն մինչ այժմ դիմումն անպատասխան է մնացել։
«Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար համապատասխան մարմինը իր տեղում չէ, իսկ Վճռաբեկ դատարանի գործունեությունը բնութագրվում է նոր առկայծումներով, ինչը եւ խաթարում է արդարադատության էությունը»,- նշում է փաստաբանը։
Գործը Վերաքննիչ դատարանը բեկանել է, սակայն Վճռաբեկն առանց պատճառաբանության, ընդամենը մեկ նախադասությամբ բողոքը ընդունել է վարույթ։