Կպայքարեն ՀՀԿ-ականն ու անկուսակցականը
Նոյեմբերի 10-ին Արարատի մարզի Արարատ քաղաքում եւ Նշանավան գյուղում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ։
Երեկ ավարտվել է թեկնածուների առաջադրումը։
Ըստ ԿԸՀ կայքի՝ Արարատի քաղաքապետ դառնալու համար առաջադրվել է 3 թեկնածու՝ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի արտադրության պետ, ԲՀԿ-ական Սամվել Բարսեղյանը, անկուսակցական, գազալցակայանի հերթափոխի պետ Սմբատ Գասպարյանը եւ «Արարատյան ավտոկայան» ՍՊԸ տնօրեն, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Հայկ Հայկյանը։
Արարատի մարզի Նշանավանի համայնքապետ դառնալու համար կպայքարեն երկուսը՝ ՀՀԿ-ից Պապ Հակոբյանը եւ անկուսակցական Մյասնիկ Հովհաննիսյանը։
Ի դեպ, Պապ Հակոբյանը Նշանավան համայնքի ղեկավարի օգնականն է։
Թեկնածուների գրանցումն սկսվել է այսօրվանից եւ կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 22-ը։
Կառավարության սեպտեմբերի 19-ի որոշումներով՝ վաղաժամկետ դադարեցվել էին այս համայնքների ղեկավարների լիազորությունները։ Արարատի նախկին քաղաքապետ Աբրահամ Բաբայանը մահացել էր օգոստոսի 15-ին, իսկ Նշանավանի նախկին գյուղապետ Մկրտիչ Ներսիսյանը հրաժարական էր տվել առողջական վիճակի պատճառով։
Արարատ քաղաքն ունի 12150, իսկ Նշանավան գյուղը 1533 ընտրող։