Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը հաշվի կառնի՞

Քաղաքականություն

Այսօր Երեւանում մեկնարկեց «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2013» երիտասարդական խորհրդաժողովը՝ «ԵՄ Արևելյան գործընկերության Վիլյնուսի գագաթաժողով. Ասոցացման համաձայնագրերին ընդառաջ» թեմայով։
Դրան մասնակցում է ավելի քան 100 երիտասարդ՝ Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև 12 միջազգային մասնակիցներ եվրոպական տարբեր երկրներից։

Սոցիալական հավասարություն քարոզող Ձախերի կուսակցության անդամ Աննա Մակեյանի խոսքերով խորհրդաժողովին մասնակից երիտասարդները ցանկանում են նախաձեռնությունն իրենց վրա վերցնել և հետխորհրդային երկրները բերել մի նոր դաշտ՝ Եվրոպական միության դաշտ, որը կօգնի այդ երկրներին զարգանալ։

«Ինչպես գիտենք Խորհրդային միությունն իր ազդեցությունն է ունեցել այդ երկրների վրա, նրանց դեմոկրատացման վրա։ Դրա համար երիտասարդների միջոցով ուզում ենք մեր պետությանը բերել մի նոր դաշտ, որտեղ խոսքի ազատություն է, որտեղ դեմոկրատիա է, որտեղ հավասար իրավունքներ են և որտեղ ապահովում է տնտեսական կայունություն»,-ասաց նա։

Աննա Մակեյանը գտնում է, որ նմանատիպ միջոցառումները հնարավորություն կտան մեր երկրում թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը։ Ըստ նրա՝ հենց Ռուսաստանի ազդեցությունը ստիպեց, որ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարի Մաքսային միությանն անդամակցելու մասին։

«Գուցե մենք կարողանանք այնպես անել, որ նախաստորագրվի ասոցացման համաձայնագիրը, որը հնարավորություն կտա հետագայում ինտեգրվել Եվրամիություն։ Իմ կարծիքով Սերժ Սարգսյանը, որը գտնվելու է Վիլնյուսում, հաշվի կառնի ոչ միայն իր, քաղաքական այս կամ այն գործիչների, այլև մեր՝ երիտասարդներիս ձայնը»,-նշեց Աննան, հավելելով,ո ր Ձախերի կուսակցությունը կողմ է Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը։

Խորհրդաժողովի պաշտոնական բացմանը մասնակցեցին ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան և ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը։