Ժիրայր Սեֆիլյանն իրեն պատանդ է համարում (տեսանյութ)
1990թ-ից Հայաստանում ապրող՝ «Նախախորհրդարան»-ի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանն իրեն պատանդ է համարում Հայաստանում, քանի որ չունի քաղաքացիություն եւ 13 տարի է չի կարողանում այլ երկիր գնալ։ Համոզված է, որ ներկայիս կարգավիճակում գնալու դեպքոոմ Հայաստանի իշխանությունները նրան վերադառնալ հայրենիք չեն թույլատրի։
Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ժիրայր Սեֆիլյանը։
Երեք անգամ Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմում ներկայացրած եւ մերժված Ժիրայր Սեֆիլյանը որոշել է այլեւս չդիմել այդ հարցով։
«Այստեղ գնդակը գտնվում է հակառակորդի դաշտում, եւ եթե նրանք ունենան ցանկություն, կվերանայեն իրենց վերջին որոշումը եւ դրական որոշումի վերածելով՝ այդ խնդիրը կլուծվի։ Նախագահի աթոռին բազմած անձնավորության լիազորությունները բավականին բարձր են, մենք պարբերաբար լսում ենք՝ այս կամ այն արտասահմանցի հայտնի կամ ոչ հայտնի մարդկանց քաղաքացիություն են շնորհում, եւ եթե այդ խնդիրը ուզենան լուծել, մեխանիզմներն ունեն»,- նշեց պարոն Սեֆիլյանը։
Անդրադառնալով հոկտեմբերի 9-ին իրեն եւ Նախախորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանին հետապնդելուն՝ Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ համապատասխան գրություն է ուղարկվել ոստիկանություն։ Սակայն ոստիկանություն դիմելով, ըստ Ժիրայր Սեֆիլյանի, ոչ մի հույս չեն փայփայում եւ այդ ամենն անում են հրապարակայնացնելու համար։
Հիշեցնենք, Նախախորհրդարանի անդամները կասկածում են, որ հետապնդողները եղել են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մարդիկ։
«Մենք շատ լավ գիտենք, թե ինչ ռեժիմի օրոք ենք ապրում, միաժամանակ բոլորին վստահեցնում ենք, որ անցել են զոռբայության օրերը, եկել են նոր ժամանակներ, առկա է մի սերունդ, որը չի հանդուրժելու ստրկատիրական մթնոլորտ։ Որեւէ մի հեղինակություն, օլիգարխ, միլիոնատեր կամ ոստիկանապետ չի կարող իր կամքը թելադրել ժողովրդին, օրերը փոխվել են»,- եզրափակեց Ժիրայր Սեֆիլյանը։