Ինչ են ասում նախկին պաշտոնյաների փաստաբանները
Հինգշաբթի երեկոյան պարզ կլինի՝ կտարածվի՞ արդյոք անկախության 22-րդ տարեդարձի առթիվ հայտարարված համաներումը Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի վրա։
Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց նրա պաշտպան Մկրտիչ Վասակյանը, 2011 թ հայտարարված համաներումը տարածվում էր Քր. Օր 170 հոդվածի 3-րդ մասի վրա, եթե վնասը փոխհատուցվում էր։ Իսկ Մարգար Օհանյանը փոխհատուցել է պետությանը հասցրած 160 մլն դրամի վնասը։
Մարգար Օհանյանն անազատության մեջ է 2011 թ օգոստոսի 30-ից։ Նա մեղադրվում էր պետությանը հասցրած վնասի եւ պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածներով։ Դատարանը գտել էր, սակայն, որ նա չի չարաշահել իր պաշտոնեական դիրքը եւ այդ հոդվածով անմեղ էր ճանաչվել։ Իսկ պետությանը հասցրած վնասի համար դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։
4 տարվա ազատազրկման դատապարտված՝ Քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի պաշտպանը եւս հստակ չի կարող ասել՝ կտարածվի՞ համաներումն իր պաշտպանյալի վրա, թե՝ ոչ։ Նա դեռ չի ծանոթացել համաներման տեքստին։
Հովհաննես Թամամյանը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։
Հովհաննես Թամամյանը կալանավորված է 2011 թ. մարտի 24-ից։