Ռ. Հակոբյանը հիացած է Գեւորգ Կոստանյանով։
«Կողմ եմ քվեարկելու ընկերոջս համար»,- օրենսդիրի ամբիոնից ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանի թեկնածության մասին ասում է ԱԺ հանրապետական պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը։ Խոսրով Հարությունյանը Կոստանյանի առաջադրումը դիտարկում է ոչ թե վերջինիս կարիերայի հերթական հաջողություն, այլեւ՝ ճակատագրի լուրջ փորձություն։ Ուստի ինքը կպաշտպանի։ «Համենայնդեպս՝ ձեզ հաջողություն»,- թեկնածուին դիմեց ՀՀԿ խմբակցության անդամը։
«Ժառանգության» խորհրդարանական ղեկավար Ռուբեն Հակոբյանը չէր ուզենա բաժակաճառեր ասել։ «Մենք կլինենք ձեր թիկունքին»,- դատախազի թեկնածուին դիմելով՝ ասաց ընդդիմադիր պատգամավորը։ Պարոն Հակոբյանը հանդիպել է թեկնածուի հետ. «Հրաշալի հանդիպում էր՝ նորմալ բառամթերքով, սերնդափոխությունը պետք է էս տեսակով կատարվի»։
ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը խմբակցության անունից ասաց, որ ազատ են լինելու քվեարկության ժամանակ։ Իսկ Արծվիկ Մինասյանն ամեն օր պահանջելու է, որ նոր դատախազն օրենսդրական բարեփոխումներում հետեւողական լինի։
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, սակայն, կարծում է, որ Գեւորգ Կոստանյանը չի տարբերվելու Աղվան Հովսեփյանից և հայտարարեց, որ նրա դեմ է քվեարկելու։