Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գլխավոր վտանգը գալիս է Սերժ Սարգսյանից»

Քաղաքականություն
666e6d6c4d5e2a8ea54e4b2ac6c6da56

Ֆեյսբուք սոցիալական ցանցում նոր խումբ է ստեղծվել՝ «Անկախության երթ»։ Նախաձեռնության համահեղինակ գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ խումբը ստեղծելու մտահղացումն առաջացել է Սեպտեմբերի 21-ի Անկախության երթից հետո։
«Քանի որ այսօր ես և շատ-շատերը զգում ենք, որ Հայաստանի ինքնիշխանությունը լրջորեն վտանգված է, մենք էդ երթը արեցինք ոչ թե սովորականի պես տոնական, այլ ավելի շատ բողոքի երթ։ Հավաքվեցինք շատ տարբեր մարդկանցով. մարդիկ կային, որ քաղաքական կուսակցություններից էին, մարդիկ կային, որ քաղաքացիական նախաձեռնություններից էին, կային, որ ընդհանրապես ոչ մի կազմակերպություն չէին ներկայացնում։ Այսօր «Անկախության երթ» խմբում են նաև տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարող ակտիվիստները, սակայն մենք խմբում նման հարցեր դժվար քննարկենք։ Բայց եթե ինչ-որ միջոցառում լինի՝ սոլիդարության սկզբունքով կմասնակցենք»,-ասաց Մարինե Պետրոսյանը։

Հրապարակախոսի խոսքերով, Անկախության երթն առաջին հերթին Մաքսային միությանն անդամակցելու դեմ էր. «Անկախությունն ամենակարևոր արժեքն է, և այն այսօր վտանգված է։ Վտանգած ասելով՝ առաջին հերթին նկատի ունեմ Մաքսային միությանն անդամակցելը։ Բայց ավելի լուրջ պատճառ կա՝ Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանը երկրի ներսում քվե չունի և ստիպված դրսի վրա է հենվում և դրա արդյունքում ինքնիշխանությունը զիջում է։ Գլխավոր վտանգը գալիս է Սերժ Սարգսյանից»։

Մ. Պետրոսյանի վստահեցմամբ, առաջիկայում էլ երթեր և հանրահավաքներ կլինեն. «Քանի որ 21-ի երթը շատ լավ անցավ, մենք չենք բավարարվի միայն խմբում քննարկումներ ծավալելով։ Բաղրամյան փողոցն ամբողջությամբ փակել էինք՝ մոտ 1000 մասնակիցներով։ Միակ դժգոհությունը՝ հոգեբանական, այն էր, որ Բաղրամյան 26-ին հասնելուն պես մենք հանդիպեցինք ոստիկանական պատնեշի, բայց նախապես պայմանավորվել էինք՝ խոչընդոտի դեպքում չենք ընդհարվելու և հետ ենք դառնալու։ Այդպես էլ արեցինք»։