ՀՅԴ-ն գտել է արտագաղթը կասեցնելու բանալին (տեսանյութ)
Արտագաղթը կասեցնելու ՀՅԴ ծրագրին առաջինն արձագանքել է ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը։ Դաշնակցությունը սպասում է նոր արձագանքների։ «Մենք ապրելու ենք մեր երկրում» ծրագրի հեղինակ, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը վստահեցնում է՝ գտել են արտագաղթը կասեցնելու բանալին. «Ծրագիրը բաց է, ու մենք կաշկանդված չենք միայն մեր ներկայացված մոտեցումներով։ Այս ծրագիրը կուսակցական չէ, այն ազգային ծրագրի վերածվելու նպատակ է հետապնդում»:
ՀՅԴ-ն իր ծրագիրն ուղարկել է ԱԺ բոլոր խմբակցություններին, նախատեսել է 15 հանդիպում հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ: Արծվիկ Մինասյանի համոզմամբ` իրենց ծրագիրը հաջողության կհասնի, եթե համախմբում լինի, այդ թվում՝ իշխանությունների մասնակցությամբ. «Այդ դեպքում մշակվում է գործողությունների պլան-ժամանակացույց, ստեղծվում է մոնիթորինգի հանձնաժողով, որեւէ կուսակցականություն հանձնաժողովում չպետք է լինի»:
Եթե ՀՅԴ-ն չստանա իշխանությունների համաձայնությունը, ապա մեկ հարկադրված քայլ է մնում. «Իշխանափոխությունը Սահմանդրությամբ չարգելված ցանկացած միջոցով արդարացված է լինում, եւ փաստորեն հասարակությունն ունենում է մի ծրագիր, որը իշխանափոխությունից հետո կարողանում է կյանքի կոչել»:
Միաժամանակ, պարոն Մինասյանը կոչ է անում` իշխանություններին ուղղված քննադատությունը չընկալել իբրեւ երկրի դեմ ուղղված խոսք: «Ես չեմ կարծում, որ մենք ունենք այդքան շռայլություն` թշնամիներ փնտրելու մեր մեջ: Ցանկացած պաշտոնատար անձ, նախագահը ինքն էլ հայ է եւ մտածում է պատմության մեջ մնալու մասին, իսկ այսօր այս ծրագրի կարեւոր մեխերից մեկը մեր երկրի ապագան ավելի լուսավոր տեսնելու մեջ է»:
Իշխանությունների անունից ՀՅԴ-ի նախագիծը ողջունում է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը. «Բոլոր այն առաջարկները, որոնք գալիս են մեր գործընկեր կուսակցությունների կողմից, որոնք վերաբերում են երկրի համար կարեւոր, առանցքային խնդիրներին, մենք պատրաստ ենք այդ հարցերի նկատմամբ ունենալ եւ քննարկումներ, եւ կիրառել, եւ օգտվել այդ առաջարկներից, որոնք կարծում եմ ներդաշնակ կլինեն այն ծրագրերի հետ, որոնք ունի ՀՀԿ-ն»: