Ո՞ւմ է առաջարկում ազատել պաշտոնից ՀՅԴ-ն (տեսանյութ)
Օր առաջ պետք է կասեցնել երկրի «արյունահոսությունը»` արտագաղթը, այլապես մեր պետությունը արյունաքամ կլինի: Այսօր հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռոստոմյանը` խոսելով ամիսներ շարունակ ՀՅԴ-ի մշակած «Ապրելու ենք մեր երկրում» ծրագրի մասին:
Ծրագիրը միտված է կասեցնելու արտագաղթը, որը դարձել է մեր երկրի հիմնական հարցը: «Օր առաջ անհրաժեշտ է դա կասեցնել, հակառակ դեպքում վտանգված է մեր երկրի ապագան»,- հավելեց պրն Ռուստամյանը:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, որը ծրագրի գլխավոր պատասխանատուն է, սկզբում ներկայացրեց դրա 11 կետ: Դրանցից հիմնականում առաջնահերթ են` բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատել, ստեղծել նոր աշխատատեղեր և արդարացի վարձատրության համակարգ, հարկային և մաքսային քաղաքականությունը դարձնել կանխատեսելի, սոցիալականից անցնել արդյունաբերական գյուղատնտեսության, քաղաքացիական ակտիվ երիտասարդներին ներգրավել հանրային պաշտոններում, հանրային ծառայողների համար սահմանափակումներ սահմանել, բարձրացնել երկրի անվտանգության մակարդակը, իրականացնել վերաբնակեցումը, ներդնել առողջության պարտադիր ապահովագրության համակարգ` սկսելով ազատամարտիկներից և նրանց ընտանիքներից:
Ծրագիրը ներկայացնելիս Արծվիկ Մինասյանը նշեց նաեւ, որ կադրային քաղաքականություն պետք է լինի եւ հեռացվեն պաշտոններից բոլոր նրանք, ովքեր ոչ քրիստոնեավայել պահվածք կդրսեւորեն:
ՀՅԴ պատգամավորը նշեց նաեւ, որ այս ծրագիրը գուցե տպավորություն ստեղծի, թե ՀՅԴ-ն վերադառնում է կոալիցիա, բայց այդպես չէ: ՀՅԴ- ն համագործակցելու է իշխանության հետ, բայց ոչ թե կոալիցիոն սկզբունքով:
Արմեն Ռուստամյանը հավելեց` «Մեր ամբողջ խնդիրն այն է, որ մեր երկրում պետք է կարողանանք միասնական համակարգ ձեւավորել ՝ ընդդիմություն-իշխանություն: Դա պետք է նորմալ համարվի, որ երկիրը կարողանա տեղից շարժվել, հակակշռում-զսպում մեխանիզմը պետք է գործի: Եթե կարողանում ենք համախմբում առաջացնել, ավելի հեշտ է նույն քաղաքացիական հասարակությունը մոբիլիզացնելով՝ ճնշումները մեծացնել իշխանության վրա, եթե պետք է՝ դուրս գանք փողոց, բայց իմանանք, թե ինչու ենք դուրս գալիս: Ոչ թե դուրս գանք փողոց, հետո որոշենք ինչ ենք անելու»:
Արմեն Ռուստամյանը կոչ արեց հիշել «Րաֆֆիի օրերը», երբ ժողովուրդը հստակ պահանջով դուրս էր եկել փողոց. «Մենք երեք հարց ձեւավորեցինք, որ իշխանությունները երբ ուզում են ամբողջը պահպանել, պատրաստ էին մի մասը զիջել:
Այն ժամանակ որոշվեց, որ այդ մասը քիչ է: Ո՞ւր էր դա լիներ՝ մեկ տարվա ընթացքում խորհրդարանական կառավարման համակարգ ունենայինք, համամասնական ընտրակարգ, հիմա արդեն Հայաստանն օգտված կլիներ»: Հարցին՝ փոշմանե՞լ եք՝ նա պատասխանեց. «Փոշմանողը մենք չպիտի լինենք»:
Որն է ծրագրի իրականացման երաշխիքը՝ հարցին Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Համախոհությունն է: Եթե իշխանությունները պատրաստ չեն բարեփոխումներ իրականացնել, ուրեմն պետք է հրաժարական տան, եթե պատրաստ են, բայց չեն կարողանում, ուրեմն պետք է աջակցեն այս ծրագրի իրականացմանը»: