«Եվրոպան մեզ խղճում է»
Անվտանգությունը միայն ռազմական ոլորտում չէ։ Անվտանգության մեջ մտնում է նաև արտագաղթը, որի պատճառներից է աշխատատեղերի բացակայությունը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը։
Նա հավելեց, որ խորը և համապարփակ ազատ առեւտրի գոտու պայմանագիրն ստորագրելու դեպքում Հայաստանը հնարավորություն կունենար նոր աշխատատեղեր բացելու. «Հայաստանում արտադրել ցանկացած ապրանք, որը արտադրվում է Եվրոպայում և դռներ բացել Եվրոպական ներդրողների համար, կարող էր ապահովել Հայաստանի համար մեծ տնտեսական թռիչք։
Մաքսային միությունը մի գոտի է, որտեղ չպետք է լինեն մաքսային խոչընդոտներ, և պետք է լինի մաքսային սահման։ Հայաստանի՝ Մաքսային միության անդամ դառնալու դեպքում մեր երկրի տնտեսական աճը պետք է շատ բարձր լինի, բայց տնտեսագետները խոսում են 0.2, 0.3 տոկոս աճի մասին, որը Հայաստանի համար շատ քիչ է»։
Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշում գործադրելու վերաբերյալ խոսակցությունները Իգիթյանը համարում է հայկական դիվանագիտություն և գտնում է, որ ճնշումների վերաբերյալ հստակ կարող է ասել միայն Պուտինը.
«Տնտեսական ճնշում չէր կարող լինել, քանի որ Ռուսաստանն առանց այդ էլ ստացել է այն, ինչ ուզում էր՝ երկաթգիծ, էներգետիկա և այլն։ Քաղաքական սպառնալիք էլ չեմ տեսնում, քանի որ Հայաստանը բոլոր միջազգային ատյաններում քվեարկում է այնպես, ինչպես Ռուսաստանն է ասում։ Հայաստանը միակ երկիրն է, որից Ռուսաստանը ռազմական տեսանկյունից երբեք չի դժգոհել։ Արդյոք Ռուսաստանի կողմից եղե՞լ է անվտանգության սպառնալիք, եթե դա այդպես է, ապա պետք է այդ մասին բարձրաձայնել, քանի որ խոսքը Հայաստանի և ԼՂՀ անվտանգության մասին է, և Սերժ Սարգսյանը միայնակ չի կարող լուծել»։
Նա չի հասկանում, թե ինչ երաշխիք է տալիս ՌԴ-ն Ղարաբաղի անվտանգության հարցում. երբ գա ժամանակը, Ռուսաստանը, որը միանձնյա տնօրինում է Հայաստանը, այլևս Հայաստանից ուզելու ոչինչ չի ունենա և կարող է կայացնել ցանկացած որոշում։
Այն հարցին, թե Հայաստանը վերջնականապես կորցրե՞լ է ԵՄ-ի հետ հարաբերությունների կարգավորումը, Իրիցյանը պատասխանեց, որ «Հայաստանը Եվրոպայի համար անվստահելի գործընկեր է։ Եթե հետագայում Հայաստանը ցանկություն ունենա շարունակել համագործակցությունը Եվրամիության հետ, ապա դա լինելու է այլ ձևաչափով և վստահության այլ չափանիշով»։ Ըստ նրա՝ այսօր ԵՄ-ն խղճում է Հայաստանին, քանի որ նրա վրա ճնշում են գործադրում»։