Սերժ Սարգսյանն այցելել է Գյուղնախարարություն
Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Գյուղատնտեսության նախարարության աշխատակիցներին, շրջել աշխատասենյակներում, ծանոթացել նրանց աշխատանքային պայմաններին: Այս մասին հայտնում է ԳՆ հասարակայնության հետ կապերի բաժինը։
Փոխնախարարները ներկայացրել են կատարված աշխատանքը, ոլորտում առկա խնդիրները, հեռանկարային ծրագրերը:
Ապա նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրել է կոնկրետ արդյունքներ՝ անդրադառնալով վարելահողերի հիմնախնդրին, գյուղմթերքների իրացման նոր մեխանիզմներին, ցորենի, սերմնաբուծության եւ սերմարտադրության ծրագրի հիմնական ցուցանիշներին՝ գյուղատնտեսության ռեսուրսների մատչելիությանը, գյուղտեխնիկայի պարտադիր տեխզննման պահանջի վերացմանը, սերմերի շուկայի ազատականացմանը, անասնաբուժական պատվաստանյութերի եւ ախտորոշիչ միջոցների պետական գրանցման դյուրացմանը:
Սերժ Սարգսյանին են ներկայացվել նաեւ ընթացիկ տարում գյուղատնտեսությունում կանխատեսվող տնտեսական աճի, պարենային ինքնաբավության ցուցանիշները:
Արձանագրվել է, որ բարձրացել է նաեւ վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը. 2011-2013 թվականների ընթացքում գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածություններն ավելացել են 35 հազար հա-ով , որի արդյունքում չմշակվող վարելահողերը նվազել են՝ 37 տոկոսից հասնելով 29 տոկոսի: