Համանախագահը Սերժ Սարգսյանին առաջարկ չունի (տեսանյութ)
«Ես այստեղ եմ գտնվում լսելու ու սովորելու»,- այսօր Երեւանում իր անդրանիկ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը: Նրա նշանակումը տեղի է ունեցել օգոստոսի 6-ին:
Անդրադառնալով իր հիմնական առաքելությանը` պարոն Ուորլիքն ընդգծեց, որ ԼՂՀ հակամարտության կարգավորումն այնքան հեշտ գործ չէ. դրա համար անհրաժեշտ են առաջնորդների կողմից քաղաքական կամք, փոխզիջում եւ այն գիտակցումը, որ կարգավորումը բխում է հետագա սերունդների շահերից: Ի դեպ, մինչ Երեւան գալը նա հասցրել է լինել նաեւ Բաքվում: Այստեղ նա քննարկել է սպառազինության հետ կապված հարցերը:
Նորանշանակ համանախագահը վստահեցրեց, որ ակնկալում է կարգավորման շուրջ համագործակցություն տարածաշրջանի առաջնորդների հետ, որը կբերի բարեկեցություն ու կայունություն:
Արդյոք Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցելուց հետո Ռուսաստանը չի՞ փորձի ճնշումներ գործադրել ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում. պարոն Ուորլիքը պատասխանեց, որ ինքը սպասում է ռուս գործընկերոջ աշխատանքներին. «Կարծում եմ, որ միասին աշխատելով՝ պետք է օգնենք հակամարտության կարգավորման հարցում»: Իսկ արդյոք ՀՀ-ի անդամակցումը կազդի՞ ԱՄՆ քայլերի վրա հակամարտության կարգավորման հարցում, նորանշանակ համանախագահը այս հարցին հստակ պատասխան չուներ, սակայն միանշանակ նշեց, որ նոր առաջարկներ Սերժ Սարգսյանին իր հետ չի բերել:
Պարոն Ուորլիքը որեւէ մեկնաբանություն չուներ նաեւ գերի հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանին ադրբեջանական համազգեստ հագցնելու եւ այդ կերպարանքով հարցազրույց տալու վերաբերյալ, թե արդյոք դա Ժնևյան կոնվենցիայի խախտում չէ: