Ափալ-թափալ է եղե՞լ (տեսանյութ)
ԱԺ 5-րդ գումարման 4-րդ նստաշրջանի սկզբում այսօր ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն կոչ արեց ԱԺ հրավիրել արտգործնախարարության այն պատասխանատուներին, որոնք բանակցություններ են վարել Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի հետ կապված. «ԱԺ-ն պետք է հրատապ կարգով իրազեկված լինի իրականացված ու իրականացվող իրադարձությունների մասին»:
Արձագանքելով նրան՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը Մաքսային միություն մտնելու հարցը քննարկել է ԱԺ կոլացիայի հետ:
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ մոսկովյան հայտնի իրադարձություններից հետո ՀՀ-ն կանգնել է աշխարհաքաղաքական ճգնաժամի առաջ. «Նախկինում երբեք որեւէ հարց նման սրությամբ արտահայտված չի եղել. ՀՀ-ն այժմ ոտք է դրել մի ճանապարհի, որի վերջը ինքնիշխանության կորսուտն է: Նախարարի ափալ-թափալ այցերը արեւմուտք բազմաթիվ հարցեր են առաջացնում: ԱԺ-ն մեկուսացված է ու նույնիսկ փորձագետի կարգով զերծ է մնացել մասնակցելու հարցի քննարկմանը»:
Պատգամավորի կարծիքով՝ ԱԺ-ում հարցի քննարկման համար տարբերակ պետք է գտնել. «Առաջարկում եմ միջազգային որեւէ պայմանագրի քննարկմամբ սկսել, որպեսզի խորհրդարան կարողանանք հրավիրել Արտաքին գործխերի նախարարին ու Սերժ Սարգսյանին»:
Հովիկ Աբրահամյանը հայտարարեց՝ թեեւ հարցը օրակարգին չի վերաբերում, սակայն կխոսի այդ մասին, քանի որ հարցը հրատապ է. «Այնպես չէ, որ ափալ-թափալ է եղել հարցի քննարկումը. մենք ամեն ինչ անում ենք, որ ամեն ինչ բխի մեր ժողովրդի շահերից ու այդ իմաստով անդամակցումը Մաքսային միությանը բխում է մեր շահերից, եւ ես այն կարծիքին չեմ, որ դրանով մենք կորցնում ենք մեր ինքնիշխանութշյունը»:
Շարունակելով իր միտքը՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ եթե այդ հարցում Հովիկ Աբրահամյանը համոզված է, ապա նույնը հնարավոր չէ ասել ԱԺ-ի մասին, քանի որ բացակայում էր համապատասխան տեղեկատվությունը. «Երբ դուք ասում եք մենք մեր գործադիրի նիստում քննարկել ենք հարցը, ուզում եմ հիշեցնել՝ հանրապետությունում պետական կառավարման մեջ չկա գործադիր մարմին հասկացողությունը, փոխարենը գոյություն ունի օրենսդիր բարձրագույն մարմին՝ ԱԺ-ն, որտեղ պետք է հնչեն հանրությանը հուզող հարցերը: Իհարկե, Սերժ Սարգսյանը չէր հայտարարելու, որ Մաքսային միությունը հակասում է ՀՀ-ի ու անվտանգության շահերին: ԱԺ-ն այնտեղն է, որտեղ պետք է հնչեն հիմնավորումներ»: