Գծատերերից դեռ հրահանգ չեն ստացել (տեսանյութ)
Միջմարզային և միջպետական երթուղիներում փոխադրավարձի փոփոխություն առայժմ չի կատարվել։ Սակայն Երեւանյան տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը ազդել է նաեւ մարզերի բնակիչների բյուջեի վրա։ Մանավանդ նրանց վրա, ովքեր գրեթե ամեն օր գալիս են Երեւան՝ աշխատանքի։
Այգեպարցի 21 - ամյա ուսանողուհի Փարավանա Պողոսյանը արդեն հաշվում է, թե ամսեկան լրացուցիչ ինչքան գումար է անհրաժեշտ երեւանյան տրանսպորտից օգտվելու համար։ Այգեպարից միկրոաավտոբուսը նրան բերում է մինչեւ «Սասունցի Դավիթ» կայարան։ Երեւանի պետական համալսարան հասնելու նա օգտվում է քաղաքային տրանսպորտից։
Մարզերի բնակիչները մտավախություն ունեն,որ մինչեւ աշուն կթանկանա նաեւ միջմարզային տրանսպորտը։ Թեեւ վարորդներն ասում են, որ երթուղիները սպասարկող ընկերության տերերից նման հրահանգ դեռ չունեն։
Միջպետական և միջմարզային երթուղիների փոխադրավարձի փոփոխության թույլտվությունը տալիս է տրանսպորտի և կապի նախարարությունը։
Նրա իրավասության տակ է միջմարզային և միջպետական 158 միկրոավտոբուսային և 74 ավտոբուսային երթուղիներ։
Այս բոլոր երթուղիներում նախարարության կողմից ձևավորված հանձնաժողովն առանձին-առանձին ուսումնասիրում է ուղեվարձի վրա գազի թանկացման ազդեցությունը։