«Սարգսյանի գործողությունները իմպիչմենտի հիմք են ստեղծում» (տեսանյութ)
Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը գտնում է, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսելու բոլոր հիմքերը կան:
«Հունիսի 28-ի խորհրդակցության ժամանակ ամբողջ ազգի առաջ Սերժ Սարգսյանը, ըստ էության, ցուցումներ տվեց դատախազությանը, թե որտեղ եւ ինչ քանակով է պետք հարուցել քրեական գործեր, եւ ինչ ծավալի չարաշահումների մասին է պետք խոսել՝ ըստ էության` կանխատեսելով քննության արդյունքները», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Զուրաբյանը:
Բացի դրանից, նրա խոսքով, Սարգսյանն, ըստ էության, հրապարակավ ճնշում գործադրեց Վերահսկիչ պալատի նախագահի վրա: Նա հիշեցրեց, իր ստեղծման մեխանիզմով Վերահսկիչ պալատը զերծ է իր վրա որեւէ ճնշումից, այդ թվում՝ նախագահի կողմից:
«Սակայն խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանն այդ ինստիտուտը հավասարեցրեց հողին: Եթե մենք դեմոկրատական երկիր լինեինք, սա կորակվեր որպես սահմանադրական լիազորությունների գերազանցում նախագահի կողմից՝ ապօրինի ճնշում իրավապահների վրա եւ արդարադատության խոչընդոտում: Այսինքն՝ այնպիսի գործողություններ, որոնց համար, օրինակ` ԱՄՆ-ում, նախագահներին իմպիչմենտի են ենթարկում», - ասաց ՀԱԿ կուսակցության փոխնախագահը:
Լեւով Զուրաբյանն անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի ծուրջ ստեղծված օֆշորային սկանդալին, նշեց, որ ինքը գիտի, թե Տիգրան Սարգսյանի հաջորդ քայլը որն է լինելու։ Նրա խոսքերով Տիգրան Սարգսյանը կհայտարարի, որ բոլոր փաստաթղթերը կեղծվել են։