«Իսրայելում պաշտոնյաների հերը կանիծեին»
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին համարում է իր լավագույն ընկերներից մեկը: Լավ հարաբերություններ ունի նաև Նավասարդ արք. Կճոյանի հետ և ամենաշատը նա է ցանկանում, որ այն ինչ հայտարարել են վարչապետն ու արքեպիսկոպոսը` օֆշորում բիզնես չունենալու մասին, համապատասխանի իրականությանը: Գառնիկ Իսագուլյանը չի բացառում, որ «Հետքի» բացահայտած փաստաթուղթը ընդամենը մեկն է տասնյակ փաստաթղթերից:
«Հիմա մենք փոխարենը փորձենք գտնել մեղավորներին, կամ, եթե նման գործարք եղել է, այդ մարդկանց ասենք` ցտեսություն»,- ասաց Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Ինչ վերաբերում է Վերահսկիչ պալատի` չարաշահումների վերաբերյալ Ազգային ժողովում հնչեցրած հայտարարություններին, Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ այն ընդամենը մի տոկոսն է այն ամենի, ինչ տեղի է ունենում Հայաստանում:
Հայաստանում պաշտոնյաների ներկայիս կարգավիճակը Գառնիկ Իսագուլյանը համեմատում է Իսրայելի պաշտոնյաների հետ: Ասում է` Իսրայելում, եթե իմանան, որ որևէ պաշտոնյա դրսում հաշիվներ ունի, «հերը կանիծեն, ընտանիքով, ցեղով կվերացնեն»: Մեզ մոտ պատկերը բոլորովին այլ է:
«Մեզ մոտ պետական պաշտոնյաների հաշիվները հիմնականում դրսում են, պատգամավորները նույնիսկ իրենց կանանց են տանում Ամերիկա` ծննդաբերելու իրենց տղաներին, որ ՀՀ բանակում չծառայեն: Եթե ուզում եք, որ կոռուպցիան վերանա, բիզնեսը տարանջատվի իշխանությունից, ապա օրենք ընդունեք, որ պետական պաշտոնյան դրսում հաշիվ չպետք է ունենա»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:
Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի համար էլ շատ զարմանալի է այն, որ Վերահսկիչ պալատը փորձում է տպավորություն ստեղծել, որ անկախ մարմին է և իշխանությունների հետ կոնֆլիկտի մեջ է: «Որքան որ ես գիտեմ` և վերահսկիչ պալատի նախագահը, և պալատի աշխատողները գործադիր իշխանության հետ բավականին սերտ, անմիջական փոխհարաբերությունների մեջ են»,- կարծում է Արշակ Սադոյանը: