Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ-ը կողմ է նախագծին

Քաղաքականություն
a050d7236d5c936cb666bee8f1a80728

ԱԺ-ն այսօր իր արտահերթ նիստում սկսեց «ԵԿՄ կարգավիճակի մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Նախագծի համահեղինակ, ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հայտարարեց, որ կատարելով այս փոփոխությունները՝ խնդիրը գտնվում է բարոյական հարթության վրա. «Սահմանված փաստաթղթեր ունենալով` բոլոր կամավորական ազատամարտիկները կարող են ունենալ հատուկ կարգավիճակ ու հետեւապես սոցիալական երաշխիքներ: Այս նախագիծը պարտադիր նախաքայլն է. երբ հստակեցվի այդ ազատամարտիկների թիվը, ինչպես նաեւ` բյուջեի աճին համընթաց կվերանայվեն նաեւ նրանց սոցիալական եաշխիքները: Այս փաթեթի ընդունումը հրատապ է»:

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ ողջունում է այս օրենսդրական նախաձեռնությունը. «Սա լավ նախաձեռնություն է, քանի որ 20 տարի է անցել հրադադարից եւ ազատամարտիկները օրենդրական որեւէ կարգավիճակ չեն ստացել: ՀԱԿ-ը կողմ է քվերակելու»:

ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանին էլ հետաքրքրում էր այս օրենքի անհրաժեշտությունը. «Ինչ խնդիր ենք մենք այսօր լուծում, քանի որ մենք արդեն ունենք օրենք: Նաեւ իմ կարծիքով` գրագետ ձեւակերպված չէ, որ երկրապահը արժեհամակարգ է: Բացի այդ, ուզում եմ հիշեցնել, որ 1989թ.-ին մարտական գործողություններ չեն եղել, ինչո՞ւ եք նման բան գրել: Ինձ համար նաեւ տարօրինակ էր, որ կառավարությունը սկզբունքային առարկություն չուներ այս նախագծի վերաբերյալ»:

Սամվել Ֆարմանյանը հայտարարեց, որ իրականացնելու են ազատամարտիկների օբյեկտիվ հաշվառում. «Ինչ վերաբերում է մարտական գործողություններին, ապա 1989թ. էլ են տեղի ունեցել»:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, որ Ազատության հրապարակում մեկ ամսից ավելի է 300-ից ավելի ազատամրտիկ հանրահավաք են անցկացնում. «Արդյոք դուք գիտեք իրենց պահանջները, աշխատո՞ւմ եք նրանց հետ: Եթե այս օրենքով չի ապահովվելու նրանց սոցիալական վիճակը, ապա նրանց` ազատամարտիկ հոգեվիճակի վեաբերյալ օրենսդրական նման փոխությունները ո՞ւմ են պետք»:

Սամվել Ֆարմանյանի պատասխանը հետեւյալն էր. «Այո, նրանք միայն կստանան ԵԿՄ կարգավիճակ, եւ նախագծով սահմանվելու են հասկացությունները եւ հատուկ կարգավիճակի կարգի տրամադրումը»:
Ի դեպ, թե Զարուհի Փոստանջյանի, թե Աղվան Վարդանյանի հարցուպատասխանի ամբողջ ընթացքում նրանց զուգահեռ տեղից առանց բարձրախոսի խոսում էին ՀՀԿ պատգամավորներ, գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյւանը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նկատողություն արեց նրանց: