«Սուրեն Խաչատրյանը խոչընդոտում է քննությանը»
Կան մարդիկ, որոնք ամեն ինչ անում են, որ ինչ-որ կերպ կողմնորոշեն նախաքննական մարմնի գործողությունները Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան առջև տեղի ունեցածի վերաբերյալ:
Այսպես է կարծում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Պատգամավորը չի զարմանում, թե ինչպես է նախաքննական մարմնի ձեռքում գտնվող նյութը դարձել հասանելի հանրությունը.
«Երբ նախաքննական մարմնի անունից հանդես է գալիս Գևորգ Կոստանյանը և ասում, որ ինքը տեսել է տեսանյութը և համարում է ապացուցված, որ Սուրեն Խաչատրյանը այդտեղ չի եղել, ապա ես չեմ զարմանում, որ լրատվամիջոցների կողմից այդ տեսանյութը հրապարակվել է»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի պատասխանատու Սոնա Տռուզյանը պատգամավորին ասել էր, որ տեսաձայնագրությունը դեռ փորձաքննության փուլում է և այն հրապարակումը, որ տեղադրված էր Կառավարության պաշտոնական կայքէջում` անթույլատրելի է:
«Եթե դեռ չկան նախաքննության արդյունքները, ապա սա նշանակում է, որ նույն զինվորական դատախազի կողմից նման հայտարարությամբ հանդես գալը նշանակում է, որ ցանկանում են հասարակական կարծիքը ձևավորել այնպես, որը ձեռնտու է ինչ-որ մի անձի, այս դեպքում` Սուրեն Խաչատրյանին»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Հաշվի առնելով այն, որ Սյունիքի նախկին մարզպետի տանից մեծ քանակությամբ զենք և զինամթերք է հայտնաբերվել, ինչպես նաև այն, որ Սուրեն Խաչատրյանը նաև ժամանակին սպառնացել է ջարդել Րաֆֆի Հովհաննիսյանի գլուխը, Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ նրա դեմ պետք էր մեղադրանք առաջադրել, այն էլ շատ վաղուց:
«Հաշվի առնելով այդ մարդու անցյալը, որ այդ մարդը բռնարարքներ և' կատարող է, և հնչեցրել է հրապարակավ, պետք է մեղադրանք առաջադրվեր: Եվ հասկանալի է, որ նա, չունենալով մեղադրյալի կարգավիճակ, խոչընդոտում է քննությանը»,- կարծում է պատգամավորը: