Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես ոչ մի թմրանյութ չեմ վաճառել»

Սպորտ
df65b57bfb4ad704175760628e82ca8a

Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին մեղադրվում է թմրանյութեր իրացնելու եւ մաֆիայի հետ կապեր ունենալու մեջ:

Նեապոլում հրատարակվող Il Mattino թերթը երկու տարվա վաղեմության լուսանկար է տպել, որում ֆուտբոլիստը զրուցում է նեապոլյան մաֆիայի պարագլուխներից երկուսի հետ: Վերջինները հենց մեղադրվում են թմրանյութերի շրջանառության եւ վաճառման մեջ:

Մարիո Բալոտելին անմիջապես արձագանքել է այդ լուրին եւ իր «Թվիտերում» գրել է. «Ես ոչ մի թմրանյութ չեմ վաճառել: Ես ատում եմ թմրանյութերը: Ինձ շատերը չեն սիրում, բայց այս կարգի մեղադրանքը չափից շատ է»:

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին այդ կապակցությամբ ասել է. «Մարիո Բալոտելին մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում: Նա իրեն մեղադրողներին միշտ էլ ուղղակիորեն պատասխան է տվել: Նա արդեն ամեն ինչ ասել է այդ հարցի կապակցությամբ»:

Հիշեցնենք, որ Մարիո Բալոտելին անցած տարի Իտալիայի հավաքականի կազմում այցելեց Երեւան, սակայն այդպես էլ չմասնակցեց Հայաստանի հետ ընտրական խաղին: