Ի՞նչ է մնում ընդդիմությանը (տեսանյութ)
Երեւանի ավագանու ընտրություններում հաղթել է ոչ թե իշխանությունը, այլ փողը եւ թաղի խուժանը: Ըստ «Քրիստոնեադեմոկրատական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի ՝ «Օրինաց երկիրն» էլ էր իշխանություն, բայց թաղի խուժան չուներ
«Չեն կիրառել ընտրակաշառք եւ վարչական ռեսուրսն ուղղված չէր «Օրինաց երկրի» համար ապահովելու անհրաժեշտ ձայները»,-ասաց նա
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը հանրապետականին կոչ է անում մտածել՝ ինչու՞ են մականունավորները, թաղի խուժանը հատկապես Հանրապետականի հետ համագործակցում։ Հանրապետական Մանվել Բադեյանը նրա հետ համաձայն չէր. «Որ ՀՀԿ-ի քաղաքական հայտարարություն անողները խուսափում են խոսել էդ մասին, այլ բան է, բայց դուք հո գիտե՞ք, որ էդպես է»։
Տիկին Խառատյանն ուզում է հասկանալ՝ ինչպե՞ս է Հանրապետականը կրկին հաղթում իր իշխանության օրոք 40 տոկոս արտագաղթելու ցանկություն ունեցող երկրում։ Ինչպե՞ս է հաղթում, երբ ընտրությունների ժամանակ բռնություն է գործադրում դիտորդի նկատմամբ. «Դիտորդին կանգնեցնում են ձեռքերը կապում են, աչքի առաջ քցում են, եւ հետո դատական պրոցեսը ոչ մի կերպ չի ուզում դիորդի էդ վկայությունը հաշվի առնել, որ քցել են»։
Թաղի խուժանի եւ փողի դեմ ընդդիմության անզորությունը Հայ Ազգային Կոնգրեսի թեման էլ է։ Լյուդմիլա Սարգսյանն ավելացնում է նաեւ գիտակից ընտրողի բացակայությունը. «Եթե գիտակից քաղաքացիների տոկոսը շատ ավելի բարձր լիներ, ապա ընտրակաշառքը չէր աշխատի»։
Իշխանափոխության նոր պահանջներ դնելու մասին ՀԱԿ-ը դեռեւս չի մտածում։ Սակայն ընդդիմադիր քաղաքական ուժերի համախմբումը ՀԱԿ-ին չէր խանգարի. «Մեզ ոչինչ չի մնում, քան առաջիկայում լրջագույնս վերլուծել երկրում ստեղծված իրավիճակը եւ համախմբման գործընթաց սկսել»։