Լեւոն Արոնյանը փրկեց տանուլ տված պարտիան
Երկօրյա ընդմիջումից հետո Սանկտ Պետերբուրգում վերսկսեց շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարը:
Այսօր կայացած 6-րդ տուրում վերջինը ավարտվեց Լեւոն Արոնյան - Մայքլ Ադամս հանդիպումը: Պարտիան անցավ անչափ լարված պայքարում: Սպիտակներով հանդես եկող մեր շախմատիստը միջնախաղում որակ կորցրեց, սակայն սուր գրոհ կազմակերպեց մրցակցի թագավորական եզրում: Անգլիացի փորձառու գրոսմայստերը գրագետ պաշտպանվեց, իսկ երբ պարտիան թեւակոխեց էնդշպիլ, պարզվեց, որ Արոնյանը երկու զիվոր քիչ ունի:
Պաշտպանվելու հերթը հասավ արդեն մեր շախմատիստին: Լեւոն Արոնյանը անսխալ գործեց վերջնախաղում եւ 62-րդ քայլից հետո լիովին վերականգնեց հավասարությունը:
Այդպիսով, այս տուրի բոլոր 5 պարտիաները ոչ-ոքի ավարտվեցին: Մրցաշարային աղյուսակը 4 միավորով գլխավորում է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Նրան հաջորդում են չորս շախմատիստ, այդ թվում Լեւոն Արոնյանը, որոնք կես միավորով են ետ մնում առաջատարից:
Վաղը տեղի կունենան 7-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ռուսաստանցի գրոսմայստեր Նիկիտա Վիտյուգովի հետ, որը 2,5 միավորով զբաղեցնում է նախավերջին՝ 9-րդ տեղը: